Ճապոնիայի կառավարությունը դեմ է մահապատիժը հանելուն, բայց ընդհանուր առմամբ պատրաստ է զգուշորեն ուսումնասիրել այդ հարցը։ Այսպիսի հայտարարությամբ երեքշաբթի Տոկիոյում, մամուլի ասուլիսում հանդես է եկել կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Սեյձի Կիհարան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Հանրային կարծիքը Ճապոնիայում մեծ մասամբ վկայում է այն մասին, որ մահապատիժն անխուսափելի է չափից ավելի անպատկառ եւ դաժան հանցագործությունների դեպքում։ Նման իրավախախտումներն այժմ հաջորդում են մեկը մյուսին, եւ մահապատժի չեղարկումը նման պայմաններում ճիշտ միջոց չի թվում»,- ասել է նա։
Միեւնույն ժամանակ, կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալը՝ որպես կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, հնարավոր է համարել բանավեճերն այս թեմայի վերաբերյալ։ «Այնպիսի նորմը չեղարկելը, ինչպիսին մահապատիժն է, կարեւոր խնդիր է, որը կապ ունի մեր քրեական արդարադատության համակարգի հիմքերի հետ։ Մենք կարծում ենք, որ այդ հարցը կարելի է ուսումնասիրել զգուշությամբ, լիովին հաշվի առնելով հանրային կարծիքը»,- նշել է նա։
Կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալի հայտարարությունն արվել է այն առիթով, որ երեքշաբթի Ճապոնիայում սպանության համար կախաղան է բարձրացվել երեք դատապարտյալ։ Սա նման դատավճռի իրականացման առաջին դեպքն էր 2019-ից ի վեր։
Ներկայում Ճապոնիայի բանտերում մահապատժի է սպասում 107 մարդ։ Նրանք այդ վիճակում են երկար տարիներ կամ անգամ տասնամյակներ։ Մահապատժի դատավճիռներն ի կատար են ածվում միայն արդարադատության նախարարի գրավոր հրամանով, եւ միշտ չէ, որ արդարադատության նախարարները վճռականություն են ունենում նման քայլի դիմել։
1980-ականների վերջից Ճապոնիայում գործում էր մահապատիժների քառամյա սառեցման կարգ, բայց դրանք վերականգնվեցին 1993թ.։ Այդ ժամանակվանից երկրում կախաղան է բարձրացվել 133 մարդ։ Ճապոնիայի խոշոր քաղաքների բանտերում կան յոթ շինություններ կախաղաններով, որտեղ ի կատար են ածվում մահապատիժները։ Ճապոնիայի փաստաբանների ասոցիացիան պահանջում է չեղարկել մահապատիժները երկրում եւ դրանք փոխարինել ցմահ բանտարկությամբ։ Այս հարցում Տոկիոյի դիրքորոշման դատապարտմամբ քանիցս հանդես են եկել Եվրամիության երկրները եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։





























