ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` հուլիսի 14-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած «Դինամիկ համակարգեր, ոչ գծային վերլուծություն եւ դրանց կիրառումները» միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցներին:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն իր խոսում ասել. «Միջազգային գիտաժողովների անցկացումը մեր հանրապետությունում դարձել է բարի ավանդույթ: Կարեւոր նշանակություն ունի այստեղ ճշգրիտ գիտությունների գծով նման միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպումը: Այդ գիտությունների նկատմամբ մեր երկրում կա առանձնահատուկ հարգանք եւ ընդգծված հակում: Արցախը տվել է բազմաթիվ աշխարհահռչակ գիտնականներ: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ այս ոլորտը հանդիսանում է մեր գիտակրթական համակարգի զարգացման առանցքային ուղղություններից մեկը եւ գտնվում է պետության ուշադրության կենտրոնում:

Ողջունելի է, որ կոնֆերանսը կազմակերպվել է Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի համատեղ ուժերով, պետական ու մասնավոր հատվածների ջանքերի համադրմամբ: Նման փոխգործակցությունը արդի պայմաններում հանդիսանում է գիտությանը սատարելու լավագույն տարբերակներից մեկը եւ դրականորեն է ազդում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման վրա:

Ես երախտագիտություն եմ հայտնում կոնֆերանսի կազմակերպիչներին ու մասնակիցներին, մաղթում արդյունավետ աշխատանք եւ ամենայն բարիք»: