Հայաստանում երեխաների թրաֆիկինգի վերաբերյալ տեղեկացվածության արդյունավետության բարձրացման եւ կանխարգելման համակարգի ստեղծման համար Եվրամիությունը 2009-ին մեկնարկած ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրել է շուրջ 400 հազար եվրո։

Հուլիսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության լիազոր ներկայացուցիչ Օննո Սիմոնսը։

«2009 թվականի մայիսին սկսած եւ 27 ամիս տեւած ծրագրի թիրախային խմբում հայտնվել են մանկատների, դպրոցների, խնամքի կենտրոնների ուսուցիչներն ու սաները, ինչպես նաեւ իրավապահ մարմինները, սոցիալական մի շարք ծառայությունների աշխատակիցներ եւ անգամ ծնողական խնամքից դուրս մնացած, փողոցային կյանք վարող երեխաներ»,- նկատեց Սիմոնսը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ այլ՝ տեխնիակական օգնության բազմաբնույթ ծրագրերի միջոցով ԵՄ-ն աջակցում է Հայաստանում օրենքի գերիշխանության ամրապնդմանն ու արդարադատության կայացմանը։ «Եվրոպական հարեւանության ծրագրի գործողությունների պլանը, որ հաստատավել է 2006 թվականի հոկտեմբերին, ներառում է ազատության եւ մարդու իրավունքների դրութներ, սահմանների կառավարման, միգրացիայի, կազմակերպած հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտները։ Բոլոր այս ինստիտուցիոնալ բարեփոխումների համար ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է մոտ 15 մլն եվրո, ինչը կօգնի ամրապնդել հայաստանյան առանցքային կառույցների ներուժը»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության լիազոր ներկայացուցիչը։

Օննո Սիմոնսը նշեց նաեւ, որ տեղյակ է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր–Պողոսյանի՝ անչափահասների հանդեպ սեռական շահագործում իրականացնելու աղմկահարույց պատմությանը եւ գտնում է, որ իշխանությունները դեպքի առնչությամբ պատշաճ վերաբերմունք դրսեւորեցին։

Հիշեցնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը մեղադրվում է մանկապղծության մեջ։ Անչափահասների հանդեպ նրա կողմից սեռական գործողությունների մասին վկայում են նաեւ մի շարք տեսանյութեր, որոնք հայտնվել են իրավապահների ձեռքում: