Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը գոհ է Հայաստանում երեխաների թրաֆիկինգի դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության մակարդակից եւ ուրախ կլինի, որ եվրոպական այդ կառույցը այդ ոլորտում նոր ծրարգրեր իրականացնի։ Այս մասին նա հայտարարեց հուլիսի 14-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում։

«Հայաստանում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման դեմ բավական արդյունավետ համագործակցություն People in need չեխական ծրագրի հետ իրականացնում ենք դեռ 2009 թվականից, անգամ նրանց հետ ստորագրած հուշագիր ունենք։ Այս ծրագրի եւ ԵՄ-ի՝ մանկական թրաֆիկինգի դեմ պայքարի աշխատանքները խիստ համահունչ են մեր նախարարության աշխատանքներն։ Այդ է պատճառը, որ ԵՄ-ի օգնությամբ այս ընթացքում վերապատրաստել ենք բազմաթիվ մասնագետների, թրաֆիկինգի իրազեկմանն ուղղված աշխատանքներ իրականացրել»,- ներկայացրեց փոխնախարարը։

Ասուլիսին ներկա, People in need հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանն իր հերթին ավելացրեց, որ անչափահասների թրաֆիկինգի վերաբերյալ իրենց անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ երեւույթի մասին տեղեկացված է հասարակության ընդամենը 1/8 մասը։

«Ընդ որում, ամենաանտեղյակն այդ երեւույթից հանրակրթական հաստատությունների ուսուցիչներն ու սաներն էին։ Այդ է պատճառը, որ մենք Հայաստանի 350 դպրոցների 9-11-րդ դասարանի դասղեկների շրջանում վերապատրաստման դասընթացներ անցկացրեցինք, ինչը բավական արդյունավետ անդրադարձավ տեղեկացվածության մակարդակի բարձրացման վրա։ Վերապատրաստում անցան նաեւ երեխաների հետ այս կամ այն չափով առնչվող այլ մասնագետներ եւս՝ սոցիալական աշխատողներ, ոստիկանության աշխատակիցներ»,- նկատեց Բեժանյանը։

Ամփոփելով նա տեղեկացրեց, որ ներկայումս դատարաններում քննվում է երեխաների թրաֆիկինգի 5 գործ, որից 2-ը՝ սեռական,3-ը՝ մուրացկանության շահագործման դեպքերով։