Վրաստանի հայաբնակ Ախալքալաքում հավերը զանգվածաբար սատկում են, որի հետեւանքով հավկիթի գինը կտրուկ աճել է, հաղորդում է վրացական «Սամխրեթիս կարիբջե» պարբերականը:
«Կարծում եմ, որ պատճառը թռչնագրիպն է, քանի որ նման բան գրանցվել է 5-6 տարի առաջ` թռչնագրիպի ժամանակ: Արդեն 20 օր է, ինչ հավերը զանգվածաբար սատկում են: Իմ 15 հավերից 10-ն արդեն չկան: Հարեւանների բոլոր հավերը նույնպես սատկել են: Երեկոյան հավաբուն ենք լցնում, իսկ առավոտյան տեսնում ենք, որ սատկել են»,-հայտարարել է Ախալքալաքի բնակիչ Խաչիկ Դավթյանը:
Մեկ այլ բնակիչ` Նորիկ Սարգսյանը պատմում է. «Ընդամենը 10 հավ ունեմ, իմ հարեւանի մոտ 40-50 հավ է սատկել, իսկ մյուսի մոտ` մի հատ է մնացել: Բժիշկ կանչենք, ոչինչ չի կարողանա անել, անգամ լաբորատորիա չկա, որ ստուգենք: Սատկած հավերի տերերը հիվանդության տարածումից վախենալով, շտապ թաղում են հավերին»:
Ինչպես հայտնել է Ջավախքի ապրանքային ազգային գործակալության ղեկավար Լիա Բեքաուրին, սա հավի սովորական վարակ է, որը կոչվում է «պուլորոզ»: Նրա խոսքով, վարակը կանխարգելելու համար, գյուղացիները պետք է անընդհատ հետեւեն եւ ստուգեն իրենց հավերին:
«Պետությունը չի ֆինանսավորում, քանի որ յուրաքանչյուրն ինքը պետք է հոգ տանի սեփական հավերի մասին: Նրանք պետք է ախտահանեն այն տարածքը, որտեղ մեծանում են հավի ճտերը: Այս վարակը փոխանցվող է, եւ առաջանում է այնտեղ, որտեղ հիգիենան գտնվում է զրոյական մակարդակում»,-նշել է նա:



























