Իմ ակնկալիքները եւ տարեվերջին առկա ցուցանիշները համընկնում են, քանի որ դժվար էր լավ թվեր ակնկալել՝ տնտեսական ակտիվությունը 5,2 տոկոսի մակարդակում է, իսկ տնտեսական անկումը՝ 7,5 տոկոսի։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը։

Նրա գնահատմամբ, Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշները կախված են միայն փոխառնված պարտքի չափից, որը տարեկան 1 մլրդ դոլարով ավելանում է։ Մենք դեռ նույն տեմպերով, ինչպես հիմա, պարտք վերցնելու հնարավորություն ունենք։ Սա տնտեսության ընդհանուր ծավալի 7%-ն է (ՀՆԱ-ն կազմում է 14 մլրդ դոլար)։ 1 միլիարդ դոլարը շրջանառության մեջ դնելու դեպքում դրանք ինքնին պետք է ապահովեն առնվազն 7% տնտեսական աճ։ Բայց եթե աճի տեմպերն ավելի ցածր են, ապա դա նշանակում է, որ պարտքն ավելի արագ է աճում, քան ՀՆԱ-ն։ Սա իր հերթին նշանակում է, որ տնտեսությանը խթանում է միայն պարտքը։

Նա պարզաբանեց, որ այս պահին ինֆլյացիայի տեմպերը պայմանավորված են երկու բաղադրիչներով՝ համաշխարհային տնտեսություն 10 տրլն դոլարի ներհոսքով՝ կապված հակաքովիդային միջոցառումների հետ (այս գործոնը կչեզոքացվի մինչեւ տարեվերջ) եւ Չինաստանից բեռների փոխադրման գների աճով (այս գործոնը կչեզոքացվի 2022 թվականի ամռանը)։

«Հայաստանը ինֆլյացիայի վրա ճնշման ներքին գործոն չունի։ Մենք բարձրացրել ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բոլոր ներքին աղբյուրները հսկողության տակ են գտնվում։ Չեմ կարծում, որ հաջորդ տարի լուրջ ինֆլյացիա կլինի, հակառակը՝ իրավիճակը կհանդարտվի։

Ինչ վերաբերում է հայկական դրամի փոխարժեքին, ապա այն կայուն կլինի, քանի որ արտահանման հետ կապված իրավիճակը կայուն է, փոխանցումների հետ կապված խնդիրներ չկան, պղնձի գները բարձր են, զբոսաշրջության ակտիվությունը կաճի»,- նշեց փորձագետը։

Ադոնցը տնտեսական ակտիվության ցուցանիշները թույլ անվանեց, ինչը չի թողնում վերականգնել կորուստները։

Դա, նրա կարծիքով, սպասելի էր, քանի որ զարգացմանն ուղղված կառուցվածքային մեծ փոփոխություններ չեն եղել։

«Ինչ վերաբերում է աշխարհում տիրող իրավիճակին, ապա էներգակիրների գների հետ կապված անկայունություն է դիտարկվում։ Բացի այդ, Չինաստանից մեկ կոնտեյների գինը հասել է 12 000 դոլարի, ինչը զգալի ազդեցություն է ունենում։ Միայն այս գործոնը (Չինաստանից տրանսպորտային խնդիրը) գները բարձրացրել է 5-6 տոկոսով։ Բացի այդ, նոր ուղղությունների զարգացման միտումներ չկան, քանի որ չկան դրական ակնկալիքներ։ Համաշխարհային տնտեսության մեջ խնդիրներ կան, դրանք սնվում են համավարակից. Սակայն կան երկրներ, որոնք այս ֆոնին վերակառուցվում են։

Օրինակ՝ Թուրքիայի մոտեցումը էապես տարբերվում է այլ երկրների գործողություններից։ Համաշխարհային ինֆլյացիայի պայմաններում նա չգնաց վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման, այլ, ընդհակառակը, նվազեցրեց այն՝ ներդրումները խթանելու համար։ Դա հանգեցրեց ազգային արժույթի 140%-ով արժեզրկմանը, իսկ ապագայում կհանգեցնի թուրքական ապրանքների արտահանման էժանացմանը եւ ներմուծվող ապրանքների թանկացմանը։ Սա ռիսկային քաղաքականություն է, սակայն Թուրքիան գնաց դրան՝ նպատակ ունենալով իրացման նոր շուկաներ գրավել Չինաստանի շուրջ ստեղծված անորոշ իրավիճակի պայմաններում։

Չի կարելի ասել, որ մեզ վրա անդրադարձել է հենց համաշխարհային տնտեսության անորոշ իրավիճակը, բայց ռիսկեր կան։ Հայաստանի կառավարությունը այսօր բանակցություններ է վարում ռուսական խոշոր ընկերության հետ, որը զբաղվում է շուրջ 60 000 անուն ապրանքների առեւտրով։ Բայց ի՞նչ ենք մենք անում։ Մենք խթանո՞ւմ ենք ներմուծումը։ Ինչի՞ համար են ստեղծվելու լոգիստիկ համակարգեր։ Գյուղմթերքի արտահանման համա՞ր։ Մենք ինքներս կարող էինք ստեղծել լոգիստիկ պահեստներ մի քանի հարյուր անուն ապրանքների համար։Իսկ հիմա մենք հնարավորություն ենք բացում գրագետ քանակությամբ ապրանք ներկրելու համար, ներմուծումն էժանացնում ենք։

Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանն ու Հայաստան թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոյի վերացմանը զուգահեռ՝ այդ արտադրությունը կհորդի նախկինից կրկնակի էժան գնով։

Խնդիրն այն է, որ մենք արտադրությունը խթանելու համար որեւէ լուրջ քայլ չենք ձեռնարկել ու չենք ձեռնարկում։ Իշխանությունների քաղաքականությունը հակասում է զարգացման տրամաբանությանը՝ մենք խթանում ենք ներմուծումը, առեւտուրը, բայց չենք խթանում արտահանումը, ներմուծման փոխարինումը եւ արտադրությունը։ Համաշխարհային տնտեսության մեջ անորոշությունը չի նշանակում, որ պետությունը նույնպես անորոշ վիճակում պետք է լինի։ Ընդհակառակը, հենց այս պայմաններում է պետք քայլերը հստակ ձեւակերպել։

Մենք հաջորդ տարի արդեն ոչինչ չենք կարող անել, քանի որ գործողությունների տրամաբանությունը հանգում է ԵՄ-ից ստացված 2,6 միլիարդ եվրոյի բաշխման, սահմանների բացման, ներդրումների եւ շինարարության ոլորտում ոչ մեծ ակտիվության ակնկալիքի։ Բայց ի՞նչ ենք ուզում։ Կրակի վրա յո՞ւղ ենք լցնում, թե՞ զարգացման մասին ենք խոսում։ Եթե մենք ուզում ենք խթանել արտադրությունը, պետք է հաշվարկներ անենք, հասկանանք մեր ուժեղ եւ թույլ կողմերը եւ աշխատենք դրանց վրա։ Բայց այս ամենը չկա։ Մենք նույնիսկ համապատասխան տարածքներ չունենք, որտեղ ներդրողները կարող են արագ արտադրություն սկսել»,- ասաց Ադոնցը։