Հայաստանն ու Իռլանդիան շատ քաղաքակրթական, մշակութային ընդհանրություններ ունեն, եւ դա կարող է լավ հիմք ծառայել միջպետական հարաբերությունների զարգացման համար: Այս մասին նշվել է հուլիսի 14-ին Իռլանդիայում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Էյմոն Գիլմորի հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվի առնելով հաջորդ տարի Իռլանդիայի կողմից ԵԱՀԿ նախագահության ստանձնումը՝ անդրադարձ է  կատարվել կազմակերպության առաջնային հարցերին:

Նախարարները պայմանավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար ուղղությամբ:

Էյմոն Գիլմորը ներկայացրել է ԵԱՀԿ-ում իռլանդական նախագահության առաջնահերթությունները, կազմակերպության նպատակների իրականացմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը: Էդվարդ Նալբանդյանը ասել է, որ Հայաստանն աջակցություն կցուցաբերի ԵԱՀԿ-ում իռլանդական նախագահությանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, իրականացվող ծրագրերին: Էդվարդ Նալբանդյանն իր իռլանդացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:

Դուբլինում Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաեւ Իռլանդիայի խորհրդարան, ուր հանդիպել է ունեցել Խորհրդարանի վերին ու ստորին պալատների արտաքին հարաբերությունների համատեղ հանձնաժողովի նախագահ Փեթ Բրինի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելել է Դուբլինի Միջազգային և Եվրոպական գործերի ինստիտուտ, ուր հանդիպում է ունեցել քաղաքագիտական կենտրոնի տնօրինության հետ եւ ելույթ ունեցավ` ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները:

Ավարտելով այցելությունը Իռլանդիա` Հայաստանի ԱԳ նախարարը մեկնել է Վիեննա, ուր նախատեսված է նրա հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զիների հետ: