Մոտ ժամանակներս ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի ստորագրման չարժե սպասել։ Հուիսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Նրա խոսքով, դրա պատճառը կողմերի՝ տրամագծորեն տարբեր դիրքորոշումներն են: «Հայկական կողմը երբեք չի համաձայնի փաստաթղթի հետ, որում հստակորեն ամրագրված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Ադրբեջանն էլ երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը»,- ասաց նա:
Բացի այդ, Մանոյանն ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ են շտապում մինչեւ Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք ընտրությունները համաձայնեցնել հիմնարար սկզբունքների շուրջ կողմերի դիրքորոշումները։ «Սակայն դա միջնորդների ցանկությունն է, կողմերը դժվար թե պատրաստ լինեն դրան։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ՝ մինչեւ հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, քանի որ առանց Ստեփանակերտի մասնակցության համաձայնության հասնելն անհնարին է»,- ընդգծեց Մանոյանը։
Նա նաեւ նկատեց, որ մոտ օրերս ղարաբաղյան հարցը ակտիվորեն կքննարկվի համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։ Մանոյանը նշեց, որ Ռուսաստանը մտադիր չէ հաշտվել իր միջնորդական ջանքերի ձախողման հարցում։




























