Երեւանի Բագրատունյաց 26 շենքի բակից 2011թ. հուլիսի 13-ին, ժամը 20:00-20:30-ի սահմաններում Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել 15 տարեկան Յուրա Գեւորգի Սիմոնյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հելսինկյան Ասոցիացիայի» տարածած հայտարարությունից:  «Համաձայն փաստաբան Նարինե Սարգսյանի` Սիմոնյանը բերման է ենթարկվել որպես վկա` բակում տեղի ունեցած վեճի պատճառով, որի ընթացքում կրակոցներ են եղել:  Հուլիսի 14-ին, ժամը 16:00-ից սկսած փաստաբան Ն. Սարգսյանը 4 անգամ փորձել է տեսակցել իր պաշտպանյալի հետ, սակայն դա նրան չի հաջողվել:

Ոստիկանության քննիչ Կամո Շառոյանը վերջինիս անընդհատ ասել է, որ Սիմոնյանը 10 րոպեից կիջնի, բայց այդպես էլ չի իջել:

Հելսինկյան Ասոցիացիան փորձել է հաղորդագրություն ներկայացնել Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժանմունք` Սիմոնյանի` ոստիկանության բաժանմունքում անհետանալու վերաբերյալ, սակայն հաղորդագրությունը չի ընդունվել:

Հուլիսի 14-ին, ժամը 23:05-ին, Յ.Սիմոնյանին բաց են թողել ոստիկանության բաժանմունքից՝ այնտեղ գտնվելու ողջ ընթացքում այդպես էլ չթողնելով պաշտպանին տեսակցել իր պաշտպանյալի հետ: Համաձայն Սիմոնյանի՝ նրան ոստիկանության բաժանմունքում ծեծել են՝ փորձելով ստիպել, որ ասի, թե տեսել է բակում տեղի ունեցած վեճի ժամանակ կրակողին: Հուլիսի 15-ին, Սիմոնյանը իր ծնողի հետ պատրաստվում է այցելել դատաբժշկին»,-ասվում է հաղորդագրության մեջ: