Ախալքալաքում երեխաների համար խաղահրապարակներ չկան, իսկ կենտրոնական այգու մի քանի ճոճանակներն անհարմար են եւ վտանգավոր, հայտնում է վրացական «Սամխրեթիս-Կարիբջե» պարբերականը:
«Երեխաներս խաղում են փողոցում` քարերի, ավազի, աղբի մեջ: Նույնիսկ երբ ազատ ժամանակ եմ ունենում, տեղ չկա որ երեխաներիս տանեմ, թե չէ մեծ հաճույքով կտանեի զբոսանքի»,-ասում է Ախալքալաքի բնակիչ Սոնյա Մանասյանը, ով 4 տարեկան երկվորյակ աղջիկներ ունի:
Ըստ պարբերականի, Ախալքալաքում դժվար է երեխային հասկացնել, թե ինչ է երեխաների միջազգային օրը, քանի որ որքան էլ նրանց ասես, որ այսօր նրանց տոնն է, միեւնույն է նրանք ուրախանալու առիթ չունեն: Ախալքալաքում երեխաների համար ոչ այգի կա, ոչ խաղահրապարակ, ոչ էլ միջոցառումներ են անցկացվում:
Մեսրոպ Մաշտոցի անվան առաջին մանկապարտեզն իր բակում մի քանի հին ճոճանակ ունի, որոնք վերանորոգվել են երեխաների ծնողների ֆինանսավորմամբ: Ճիշտ է մանկապարտեզն իր ներսում երեխաների համար որոշ միջոցառումներ իրականացնում է, բայց նրանց անհրաժեշտ է նաեւ արտաքին միջոցառումներ:
«Հենց նոր կրկես էր ժամանել: Տարին երկու անգամ տիկնիկային թատրոնը ներկայացումներ է անում: Եթե նման բաներ են լինում, երեխաներին տանում ենք, սակայն մեր պայմաններում դրանք հազվադեպ են լինում: Փորձում ենք ինքներս կազմակերպել զվարճալի միջոցառումներ»,-նշել է Ախալքալաքի Մեսրոպ Մաշտոցի անվան մանկապարտեզի տնօրեն Մարգարիտա Գալստյանը:
Սաթենիկ Շահբեկյանը ծնողներին օգնում է իր փոքրիկ եղբորը մեծացնելու հարցում: Նա փորձում է երեխային զվարճացնել, քանի որ ուրիշ ոչնչով երեխան չի կարող զբաղվել: Սաթենիկի կարծիքով, հետագայում այս ամենը երեխային կխանգարի դառնալ հասարակության լիիրավ անդամ:
«Մեծ քաղաքների հետ համեմատած, Ախալքալաքում իրավիճակը բարդ է: Երեխաներին զբոսանքի տանելու համար տեղ չկա: Այս առումներով մեծ է մեծ քաղաքների եւ Ախալքալաքի երեխաների տարբերությունը: Մեր երեխաները ավելի սահմանափակ են, չգիտեն թե հասարակության մեջ ինչպես հայտնեն իրենց կարծիքը, ինչպես իրենց դրսեւորեն»,-ասում է Սաթենիկը:
Ինչպես հայտնում է Ախալքալաքի սպորտի եւ երիտասարդության գործերի ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովը, ծրագրված է ձեռք բերել խաղահրապարակի մի քանի կոմպլեկտ եւ շուտով Ախալքալակում ծնողներն իրենց երեխաներին կկարողանան խաղահրապարակ տանել:




























