Հայկական ընդդիմությունն իր անհամարժեք գործողություններով եւ մասնատվածությամբ, ըստ էության, հենարան է հանդիսանում գործող վարչախմբի համար: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ակունք» վերլուծական կենտրոնի տնօրեն, Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի նախկին դեսպան Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքերով, հայկական ընդդիմությունը իրեն առավել քան տարօրինակ է պահում: «Եթե ոչ անհամարժեք, ապա ինչպես անվանես Հայ ազգային կոնգրեսի որոշումը, թայմ-աութ վերցնել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախօրեին»,- նկատեց փորձագետը:
Նրա խոսքերով, ՀԱԿ-ը կամ հասնում է նրան, որ այդ «խայտառակ» արձանագրությունները ստորագրվեն իշխող վարչախմբի կողմից, կամ փորձում է ապացուցել ընդդիմադիր դաշտին, որ նրանք իրենց հանրահավաքներում չեն կարող Կոնգրեսից ավելի շատ մարդ հավաքել: Հակոբյանը խիս քննադատության ենթարկեց նաեւ ՀՅԴաշնակցությանը, վերջինիս գործողությունները եւս անհամարժեք որակելով: «Անհասկանալի է, թե ինչի է փորձում հասնել ՀՅԴ-ն՝ պահանջելով արտգործնախարարի հրաժարականը: Քաղաքականապես հասուն ցանկացած մարդ գիտի, թե ինչ արժի նախարարի ֆիգուրը Հայաստանի իշխանական համակարգում: ՀՅԴ հայտարարությունները, թե անհրաժեշտ է տապալել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը խորհրդարանում, քաղաքական միամտության հետեւանք են: Հայաստանի որեւէ ողջամիտ մարդ կասկած չունի, որ արձանագրությունները վավերացվելու են, եւ իշխանությունները կկարողանան հասնել իրենց նպատակին»,- ամփոփեց Հակոբյանը:
Խոսելով կոնկրետ հայ-թուրքական արձանագրությունների մասին, նա ընդգծեց, որ ստորագրելով դրանք, Հայաստանը վաճառեց իր արժանապատվությունն ու ազգային անվտանգությունը՝ դիմացը ոչինչ չստանալով: «բայց իրավիճակը անհուսալի չէ, գործընթացը դեռ կարելի է կանգնեցնել, եթե Հայաստանում իշխանափոխության հասնենք, իսկ դրան կարելի է հասնել միայն Հայ Ազգային կոնգրեսի, ՀՅԴ-ի եւ „Ժառանգության“ համախմբման դեպքում»,- հայտարարեց փորձագետը: Նրա խոսքերով, այսօր Հայաստանում կառավարում է ամենակոռումպացված եւ կլանային իշխանական վարչակազմը երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում: «Եթե իշխանությունն ուրիշ լիներ հնարավոր է՝ հայ-թուրքական արձանագրություններին դիմադրությունն այդքան ուժեղ չլիներ: Ակնհայտ է, որ հայ-թուրքական մերձեցումը տեղի է ունենում գերտերությունների ճնշման տակ, եւ ավելի լավ կլինի, եթե իշխանության վրա ճնշեն ոչ թե դրսից, այլ ներսից՝ իշխանափոխության հանգեցնելով»,- նշեց նա:
Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ը եւ Ռւոսաստանը բաժանել են տարածաշրջանում իրենց լիազորությունների ոլորտները: ԱՄՆ-ը իր վրա է վերցրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջնորդի դերը եւ հաջողությամբ կատարում է այն, իսկ Ռուսաստանը պետք է կարգավորի հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ անի ամեն ինչ՝ Մադրիդյան սկզբունքների ստորագրման համար": «Հենց հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեն, ղարաբաղյան կարգավորումն արհեստականորեն կարագանա, եւ անմիջապես օրակարգ կմտնի ԼՂՀ անվտանգության գոտու մեջ մտնող տարածքների վերադարձը»,- հայտարարեց Հակոբյանը:
Խոսելով Ադրբեջանում ծայր առած հակաթուրքական հռետորաբանության մասին՝ Հակոբյանն ընդգծեց, որ Ադրբեջանում խառնաշփոթը բացարձակապես անհիմն է, քանի որ այս փուլում Բաքուն հայ-թուրքական արձանագրություններից ոչինչ չի կորցնում, այլ միայն շահում է:




























