Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է էլեկտրաէներգիայի գների հաշվարկների ճշգրտման մասին՝ Բոդրումում եւ Ռիզեում վերջին թանկացումների դեմ բողոքի ցույցերի ֆոնին։

Էրդողանը էլեկտրաէներգիայի ամենացածր սակագնի համար սպառման ավելի բարձր սահմանաչափ է որոշել․ ամսական 210 կիլովատտ՝ նախկին 150 կիլովատի համեմատ։

Թուրքիան էներգիայի համաշխարհային գների աճից եւ լիրայի անկումից հետո հունվարի 1-ին էլեկտրաէներգիայի գները բարձրացրել է սպառման ցածր մակարադակ ունեցող տնային տնտեսությունների համար եւ 100 տոկոսով՝ բարձր պահանջարկ ունեցող առեւտրային սպառողների համար:

Անցյալ տարի լիրայի 44 տոկոս կորուստները հանգեցրել են կտրուկ ինֆլյացիայի, ընդ որում դեկտեմբերին սպառողական գների ինֆլյացիան հասել է 36,1 տոկոսի, ինչը 2002 թվականից հետո ամենաբարձր մակարդակն է:

Հարավարեւմտյան Բոդրումի հանգստավայրում էլեկտրաէներգիայի մատակարար Aydem-ի գրասենյակի մոտ մեծ բազմություն է հավաքվել, որպեսզի իր բողոքն արտահայտի գների բարձրացման դեմ։ Նրանք Էրդողանի կառավարության հրաժարականի կոչով կարգախոսներ են վանկարկել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Թուրքական BOTAŞ գազատար ընկերությունը նույնպես հունվարի սկզբին 25 տոկոսով թանկացրել է բնական գազի գինը։ Երեքշաբթի օրը նա հայտարարել է էլեկտրակայաններին մատակարարվող գազի 14 տոկոսով թանկացման մասին։

Ռիզեում, որտեղ Էրդողանի ընտանիքը ապրում էր Ստամբուլ տեղափոխվելուց առաջ, ամբոխը հավաքվել է քաղաքի գլխավոր հրապարակում՝ կոչ անելով կառավարությանը չեղարկել գների բարձրացումը։ Նրանք նաեւ ուշադրություն են հրավիրել հացի եւ բենզինի թանկացման վրա, գրում է Cumhuriyet թերթը։

Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ Թուրքիայի քաղաքացիները որոշ ժամանակ ստիպված կլինեն կրել բարձր ինֆլյացիայի բեռը։

Նրա կառավարությունը կտրուկ քննադատության է ենթարկվել քաղաքական ընդդիմության եւ որոշ տնտեսագետների կողմից այն բանի համար, որ անցյալ տարվա վերջին կենտրոնական բանկին հրամայել է նվազեցնել տոկոսադրույքները՝ չնայած ինֆլյացիայի կտրուկ աճին: Էրդողանը պնդում է, որ բարձր տոկոսադրույքներն առաջացնում են ինֆլյացիա, ինչը հակասում է ավանդական տնտեսական այն տեսությանը, որի համաձայն դրույքաչափերը կարելի է օգտագործել գների աճը վերահսկելու համար:

Թուրքիան ներկրում է իր սպառած բնական գազի եւ վառելիքի գրեթե ողջ ծավալը, ինչը նշանակում է, որ նա չի կարող պաշտպանություն ապահովել էներգակիրների համաշխարհային գների աճից: