Թբիլիսիի քաղաքային դատարանում բողոքի ակցիայի ֆոնին այսօր անցկացվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սահմանն ապօրինի հատելու գործով հերթական նիստը, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Սաակաշվիլիի տասնյակ կողմնակիցներ, ինչպես նաեւ նրա հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները հավաքվել են դատարանի շենքի մոտ։ Նրանք կարծում են, որ նախկին նախագահի գործողություններում հանցավոր մտադրություններ չեն եղել՝ դրանք բացառապես որպես քաղաքական ակցիա որակելով:

«Մեր հիմնական պահանջն է՝ դադարեցնել քաղաքական հետապնդումները եւ ազատ արձակել Վրաստանի երրորդ նախագահին», - ասել է ցուցարարներից մեկը՝ ակտիվիստ Իրակլի Պավլենիշվիլին։

Հանրահավաքը խաղաղ է, միջադեպեր չեն գրանցվել: Այնուամենայնիվ, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները՝ տեղում ոստիկանություն է մոբիլիզացվել, մետաղական պարիսպներ են տեղադրվել:

Սաակաշվիլիի փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին լրագրողներին ասել է, որ նախկին նախագահը ներկա կլինի այսօրվա հանդիպմանը եւ կբացատրի, թե ինչու է որոշել գաղտնի վերադառնալ հայրենիք։ Ինքը՝ փաստաբանը, կարծում է, որ քաղաքական գործչի՝ սահմանը հատելու դեպքը «անհեթեթ եւ անբարոյական» է։

«Երբ Միխեիլ Սաակաշվիլին հրապարակավ հայտարարեց հայրենիք վերադառնալու եւ ցույց տվեց իր տոմսը, «Վրացական երազանք»-ը սկսեց խոսել հակազդեցությունների, սադրանքների մասին, եւ հենց այդ պատճառով էլ Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձը հայրենիք այդ ձեւով տեղի չունեցավ. ինչը բացառում է սպառնալիքներն այլ անձանց հասցեին»,- ասել է Սաձագլիշվիլին։

Փաստաբանների խոսքով՝ այսօր դատարանը կքննի գործում առկա ապացույցները։ Նախատեսվում է հարցազրույց անցկացնել մինչեւ տասը վկաների, ինչպես նաեւ գործով փորձաքննություններ իրականացրած քննիչների եւ փորձագետների հետ։

Սահմանի ապօրինի հատման գործն ըստ էության քննելու առաջին նիստը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։ Սաակաշվիլին այն ժամանակ ներկա չէր՝ պատճառաբանելով վատ առողջական վիճակը. նախկին նախագահը վերականգնողական կուրս էր անցնում Գորիի զինվորական հոսպիտալում 50-օրյա հացադուլից հետո։