Նախօրեին՝ հոկտեմբերի 19-ին թուրքական կողմ նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Թուրքիայի նախագահը Ռուսաստանի իր գործընկերոջը տեղեկացրել է, որ համաձայն նախօրոք ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածությունների՝ թուրքական կառավարությունը բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել է Սեւ ծովի թուրքական հատվածում «Հարավային հոսք» գազամուղը անցկացնելու նպատակով երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման թույլատվություններ տրամադրելու համար։
Ըստ թուրքական աղբյուրների՝ կողմերը քննարկել են նաեւ կովկասյան տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր։ Գյուլը նշել է, որ Ռուսաստանը ամենակարեւոր դերակատարն է այդ տարածաշրջանում։ Մեդվեդեւը՝ իր հերթին հայտարարել է, որ ռուսական կողմը կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։




























