Խախտվել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները, սա այնպիսի գործ է, որ պարունակում է հետագայում նաև այն դատավորների նկատմամբ տարածվելու իրական վտանգներ, որոնք կալանքից ազատել են մարդկանց: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական գործի հարուցմանն ու կալանավորմանը։

«2022թ. փետրվարի 1-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Արսեն Սարդարյանը՝ նշելով, որ իրենց վստահորդի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում, ինչպես նաև որ վտանգված է նրա անձնական ազատության իրավունքը: Ըստ փաստաբանների՝ հետապնդումը կապված է դատավորի կողմից իր վարույթում գտնվող գործով անձին «ակնհայտ ապօրինի կալանավորելու կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու» հետ, բայց իրականում հարցը կապված է մեկ այլ գործով անձին կալանքից ազատելու Բ.Բախշիյանի որոշման հետ:

Փաստաբանների բողոքից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ. ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությամբ պարզաբանումներ են պահանջվել փաստաբաններ բարձրացված հարցերի առնչությամբ, տեղի է ունեցել քննարկում փաստաբանի հետ, ուսումնասիրվել է ՀՀ դատավորների միության նախագահի հայտարարությունը:

Այնուհետև, նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ : Պաշտպանի աշխատակազմը մանրամասն հետևել է դատավորի հետ կապված իրադարձությունների զարգացմանը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. փետրվարի 7-ի որոշմամբ դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում Բորիս Բախշիյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանի և Արսեն Սարդարյանի հետ:

Քննարկումից հետո՝ նույն օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ Արդդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, տեղի է ունեցել առանձնազրույց Բորիս Բախշիյանի հետ:

Փետրվարի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պատշաճ ստացվել և ուսումնասիրվել է նաև ՀՀ գլխավոր դատախազության պատասխան գրությունը, ինչպես նաև ուսումնասիրվել է Գլխավոր դատախազության փետրվարի 1-ի հրապարակային հայտարարությունը Բ.Բախշիյանի գործի վերաբերյալ:

Ուսումնասիրվել է նաև Դատավորների միության փետրվարի 2-ի հայտարարությունը՝ առաջ քաշված մտահոգություններով:

Բ.Բախշիյանի իրավունքների վերաբերյալ իր դիրքորոշումները ներկայացնելուց առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ պարզաբանում է, որ սույն հայտարարությունը չի վերաբերում ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով Բորիս Բախշիյանին առաջադրված մեղադրանքի փաստերին ու դրանց նկատմամբ իրավական կանոնների կիրառությանը:

Ըստ այդմ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավական վերլուծությունն ու դիրքորոշումներըւ հանգում են հետևյալին.

1. Նախ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Բորիս Բախշիյանի և նրա փաստաբանների դիմումների, վերջիններիս հրապարակային հայտարարությունների, իրեն ներկայացված նյութերի հիման վրա վեր է հանել առանցքային իրավական հարց:

Մասնավորապես, Բորիս Բախշիյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ. ակնհայտ ապօրինի կալանավորելը կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այս ձևակերպումից ակնհայտ է, որ նշված հոդվածը որևէ մեկի մեղսագրելու համար անհրաժեշտ է, որպեսզի կալանավորումը կամ կալանքի տակ պահելը լինի ակնհայտ անօրինական, այսինքն՝ ակնհատորեն խախտի օրենքը կամ հակասի օրենքին:

Այլ կերպ ասած, Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով ամրագրած հանցակազմի հիմքում անձին կալանավորած կամ կալանքի տակ պահած անձի արարքների օրինականությունն այդ հանցակազմի առկայության անհրաժեշտ ու պարտադիր պայման է. առանց օրինականության հարցին պատասխան տալու նման հոդվածով հիմնավոր կասկածի առկայության մասին խոսք լինել չի կարող:

Կոնկրետ գործի տեսանկյունից սա նշանակում է, որ Բորիս Բախշիյանին Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով նախատեսված արարքի մեջ մեղադրելու համար նրան քրեական հետապնդման ենթարկելու և ազատությունից զրկելու վերաբերյալ բոլոր փաստաթղթերում պետք է ցույց տրվի, որ նա թույլ է տվել անօրինական արարքներ, որոնք էլ հանգեցրել են նրա կողմից անօրինական դատական ակտ կայացնելուն:

Ըստ այդմ, Բ.Բախշիյանի վերաբերյալ ԲԴԽ-ի երկու որոշումների ուսումնասիրությունից բխում է, որ ԲԴԽ-ն, հանդես գալով՝ որպես դատարան, քննարկել է Բորիս Բախշիյանի արարքները հենց նաև օրինականության տեսանկյունից և իր որոշման հիմքում դրել է հենց օրինականության հետ կապված հարցերը (մեկ այլ գործով մեղադրյալի լսվելու իրավունքը խախտելը և այլն):

Հենց օրինականության տեսանկյունից են դատավոր Բորիս Բախշիյանի արարքները քննարկված նաև ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փետրվարի 7-ին ուղարկված պաշտոնական պարզաբանումներում:

Ավելին, Բ.Բախշիյանը և նրա փաստաբանները (փաստաբանները նաև այս մասին տվել են հրապարակային հարցազրույցներ) Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել են լրացուցիչ փաստական տվյալներ, որոնցից բխում է, որ քննիչը ԲԴԽ-ի որոշումներից հետո դատարան ներկայացված կալանքի իր միջնորդության հիմքում դրել է հիմնավորումներ, որոնք վերաբերում են Բ.Բախշյանի արարքների և նրա կայացրած ակտի օրինականությանը:

Միևնույն ժամանակ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կալանք կիրառելու փետրվարի 7-ի որոշմամբ արձանագրված է, որ դատարանը Բորիս Բախշիյանի դատական ակտի օրինականությունը քննարկման հարց չի դարձրել և այս հիմքով չի անդրադարձել պաշտպանական կողմի այն առարկություններին, որ Բ.Բախշիյանը գործել է օրենքի սահմաններում:

Բայց դատարանը ողջամիտ և իրատեսական է համարել, որ Բորիս Բախշիյանը գործել է բարեխողճորեն, անկախ և անաչառ, բայց դրանք բավարար չի համարել հիմնավոր կասկածն ի սկզբանե բացառված համարելու համար և հաղահարված է համարել հիմնավոր կասկածի նվազագույն շեմը:

Սա նշանակում է, որ մի կողմից առաջին ատյանի դատարանը Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի հիմքի՝ օրինականության հարցի մեջ ընդհանրապես չի մտել, մյուս կողմից, չբաառելով հիմնավոր կասկածի առկայությունը և հաղթահարված համարելով դրա նվազագույն շեմը, ըստ էության արձանագրել է, որ կարող է լինել անօրինականության հարց: Ընդ որում, այս եզրահագնումները դատարանը շարադրել է ոչ թե հաստատակամ, այլ հավանական դատողություններով:

Նման պայմաններում ողջամիտ դիտորդի մոտ առաջ է գալիս հարց՝ ինչպե՞ս դատարանը որոշեց, որ հիմնավոր կասկածը բացառված չէ և հաղթահարված է նվազագույն շեմով, այսինքն որ Բորիս Բախշյանն ակնհայտ անօրինական արարք է թույլ տվել, երբ այդ հարցի մեջ չի մտել առհասարակ:

Սա էլ այն դեպքում, երբ ԲԴԽ-ն համաձայնություն տալու որոշումներով օրինականության հարցը քննարկման արժանացրել է և նույն տեսանկյունից հարցը քննարկել է նաև քրեական հետապնդմանը մարմինը:

Թե՛ Բորիս Բախշիյանը, թե՛ նրա փաստաբանները շարունակում են պնդել, որ միայն Բ.Բախշիյանի արարքների օրինականությունը քննարկելով նրա նկատմամբ կալանք կիրառած դատարանը կարող է որոշել հիմնավոր կասկած առկա է, թե ոչ:

Ավելին, Բորիս Բախշիյանը քրեակատարողական հիմնարկում Մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցում նշել է, որ իրեն կալանավորած դատավորը չի մտել օրինականության հարցի մեջ, քանի որ դա կնշանակեր իրավական վեճի քննարկում, որն էլ պարզ կդարձներ, որ այդ հարցը ենթակա է Քրեական վերաքննիչ դատարանի քննությանը, եթե իր ակտի դեմ սահմանված կարգով տարբեր բողոք:

Այսինքն՝ դատարանը չէր կարող մտնել օրինականության հարցի մեջ, քանի որ կապացուցեր, որ քրեական հետապնդման հիմքը բացակայում է, բայց մյուս կողմից դատարանը ստիպված է դա արել, որպեսզի ստեղծի իրեն կալանավորելու հիմք:

2. Բորիս Բախշիյանը ՔԿՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ 2022թ. հունվարի 30-ին իրեն զանգահարել են Բարձրագույն դատական խորհրդից և հրավիրել Երևան, բայց որևէ պատճառ կամ պարզաբանում չեն նշել:

Հաջորդ օրը՝ հունվարի 31-ին Երևան հասնելուն պես գնացել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ ցերեկը ժամը 11-12-ի սահմաններում:

ԲԴԽ-ում փորձել է պարզել, թե ինչու է հրավիրվել, սակայն պատասխան չի ստացել:

Ըստ Բորիս Բախշիյանի` թեև ՀՀ դատական օրենսգրքի 65-րդ հոդվածն ամրագրում է, որ դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և մյուս անդամների մոտ, սակայն ընդունելության չի արժանացել՝ չնայած իր խնդրանքին:

Բ.Բախշիյանի պնդմամբ, սա ավելի է նպաստել իր համար իրավիճակի անորոշությանը:

3. ԲԴԽ-ում մոտ 1 ժամ սպասելուց հետո՝ ժամը 12-13-ի սահմաններում իրեն են տրամադրել ՀՀ գլխավոր դատախազի երկու միջնորդություններ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու և իրեն ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ՝ կից նյութերով, ու նշել են, որ նույն օրը տեղի է ունենալու ԲԴԽ նիստ այդ միջնորդությունների կապակցությամբ: Հավելյալ որևէ այլ տեղեկություն չի տրամադրվել:

Ընդ որում, Բ.Բախշիյանը հատուկ է ընդգծել, որ ինքը հրավիրվել է ԲԴԽ հունվարի 30-ին, բայց Գլխավոր դատախազի միջնորդությունները ԲԴԽ են մուտքագրվել հունվարի 31-ին, դրանք նաև թվագրված են հունվարի 31-ով:

Ըստ Բ.Բախշիյանի՝ սա նշանակում է, որ նախապես ԲԴԽ-ում իմացել են, թե ինչու են իրեն հրավիրում Երևան: Չնայած դրան՝ իր իրավունքներին վերաբերող կարևոր տեղեկություններն այն մասին, որ իր նկատմամբ հաջորդ օրը քննվելու են քրեական հետապնդում հարուցելու ու ազատությունից զրկելու համաձայնություն տալու Գլխավոր դատախազի երկու միջնորդությունները, իրենից պահել են գաղտնի:

Բորիս Բախշիյանի պնդմամբ՝ դրանով ԲԴԽ-ն իրեն զրկել է իր իրավունքների պաշտպանությանը նախապատրաստվելու ժամանակից ու հնարավորությունից՝ ոտնահարելով արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքների երաշխիքները:

4. Բ.Բախշիյանը և փաստաբանը նշել են, որ ԲԴԽ-ն առաջին միջնորդության քննարկումը՝ կապված քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հետ, սկսել է հունվարի 31-ին՝ ժանը 17-18-ի սահմաններում:

Այսինքն՝ ԲԴԽ-ի երկու նիստերին նախապատրաստվելու համար Բորիս Բախշիյանն ունեցել է ընդամենը մի քանի ժամ, մինչդեռ, ինչպես նշում են Բ.Բախշիյանը և փաստաբանները, քրեական հետապնդման մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քրեական հետապնդման գործողություններ կատարել է հունվարի 11-ից սկսած, իսկ ԲԴԽ-ն էլ նախապես իմացել է այդ մասին:

Նման պայմաններում ստացվում է՝ պաշտպանության կողմը եղել է անհավասար վիճակում՝ զրկված լինելով իր իրավունքների պաշտպանության համար նախապատասրտվելու բավարար ժամանակից ու հնարավորություններից:

5. Դատավոր Բորիս Բախշիյանն իր հետ առանձնազրույցի ընթացքում նշել է, որ չնայած ժամանակի սղությանը և դրանով պայմանավորված՝ դժվարություններին, այդուհանդերձ, ԲԴԽ է հրավիրել փաստաբան և վերջինիս հետ միասին մասնակցել նիստին:

Այդ նիստը՝ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցով, ավարտվել է հունվարի 31-ին՝ ժամը 23-ի սահմաններում:

Դրանից հետո, ըստ Բ.Բախշիյանի և նրա փաստաբանների, հայտարարվել է 10-15 րոպե տևողությամբ ընդմիջում՝ մինչև ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկումը:

Ընդ որում, Բ.Բախշիյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում նշել է, որ ԲԴԽ-ին ինքը տեղեկացրել է, որ առաջին հարցից հետո մինչև երկրորդ՝ ազատությունից զրկելու հարցով նիստն իր պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու և անակնկալի եկած վիճակից կարճ հանգստի համար 10-15 րոպեն բավարար ժամանակ չէ: Դրանից բացի, ինքը ցանկանում է հրավիրել ևս մեկ փաստաբան, ինչը գիշերը ժամը 23-ի սահմաններում հնարավոր չէ ԲԴԽ-ի հայատարարած ժամանակահատվածում ապահովել:

Ըստ Բ.Բախշիյանի և նրա փաստաբանների՝ ԲԴԽ-ն ձևական պատճառաբանությամբ մերժել է խնդրանքը՝ նշելով, որ տրամադրված ժամանակն ընդամենը հայտարարված կարճատև ընդմիջումն է:

Այս առնչությամբ, Բ.Բախշիյանը Մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում նշել է, որ քանի որ առաջին նիստն ավարտվել է հունվարի 31-ին՝ ժամը 23-ի սահմաններում, այդ գիշեր ժամանակ օբյեկտիվորեն հնարավոր չէր այլ փաստաբան հրավիրել ու առավել ևս 10-15 րոպեի ընթացքում:

Անգամ, եթե կարողանար փաստաբան գտնել, ապա փաստաբանը չէր հասցնի ծանոթանալ գործի մանրամասներին ու նյութերին:

Բ.Բախշիյանը նշել է, որ ինքը նույնպես չի ունեցել իր իրավունքների պաշտպանությանը այդ կարճ ընդմիջման ընթացքում անձամբ պատշաճ պատրաստվելու հնարավորություն:

6. Բորիս Բախշիյանի տեղեկացմամբ՝ իրեն ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցով ԲԴԽ նիստն ավարտվել և որոշումը հրապարակվել է արդեն փետրվարի 1-ին՝ գիշերը ժամը 1-ի սահմաններում:

7. Քրեական հետապնդմանը մարմինը մեղադրանքն առաջադրել փետրվարի 1-ին և նույն օրն էլ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան քննիչը ներկայացրել է կալանքի միջնորդությունը:

8. Փաստաբանների և Բորիս Բախշիյանի բարձրացրած մյուս հարցը վերաբերում է Բ.Բախշյանի նկատմամբ փաստացի քրեական հետապնդում իրականացնելուն և հետևաբար՝ մեղադրանքի ու կալանավորման իրավաչափության բացակայությանը:

Նախ, նրանք նշել են, որ թեև ԲԴԽ-ն դիրքորոշում է հայտնել, որ դատավորի նկատմամբ քրեական գործ կարող է հարուցվել միայն քրեական հետապնդում հարուցելու ԲԴԽ-ի համաձայնությունից հետո՝ որպես դատավորի իրավունքների երաշխիք, Բորիս Բախշիյանին այդ համաձայնությունից հետո քրեական գործի հարուցման որոշում չի տրամադրվել: Ըստ բողոքների՝ ԲԴԽ-ն ազատությունից զրկելու նիստի ընթացքում նույնպես այդ հարցը չի բարձրացրել և քրեական հետապնդման մարմնից այն չի պահանջել:

Ըստ այդմ, Բ.Բախշիյանը նշել է, որ սա նշանակում է, որ քրեական գործ հարուցելու որոշումը կա՛մ կազմվել է նախապես՝ մինչև ԲԴԽ-ում առաջին նիստը սկսվելը, կա՛մ կազմվել է առաջին և երկրորդ նիստերի միջև 10-15 րոպե ընդմիջման ընթացքում, կա՛մ քրեական գործ հարուցելու մասին որոշումը կազմվել է ԲԴԽ երկրորդ նիստից, այսինքն՝ ազատությունից զրկելու համաձայնությունը տալուց հետո: Միևնույն ժամանակ, Բորիս Բախշիյանը նշել է, որ ինքը բացառում է, որ ընդմիջման ընթացքում կազմված լիներ նման որոշում, քանի որ չի եղել դրա տեխնիկական կամ կազմակերպական հնարավորություն և դրանից բացի էլ ինքը չի նկատել դա:

9. Արդար դատաքննության, մասնավորապես՝ պաշտպանության իրավունքի և անձնական ազատության իրավունքի վրա էական բացասական ազդեցություն ունեցող գործոն է այն, որ, ինչպես պնդել են փաստաբանները և հենց Բորիս Բախշիյանը, քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ԲԴԽ-ի որոշումը ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցը քննարկելուց առաջ պաշտպանության կողմին չի տրամադրվել: Այսինքն՝ պաշտպանության կողմը չի տիրապետել այն հանգամանքներին կամ այն հիմնավորումներին, որոնցով ղեկավարվել է ԲԴԽ-ն քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալիս և որոնց հիման վրա էլ սկսվել է ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկում: