Խոշոր ՃՏՊ-ներ են, այդ թվում եւ մահվան ելքով, տեղի ունեցել նախօրեին Ռուսաստանում։ Կրասնոյարսկի երկրամասում Կրասնոյարսկ-Ենիսեյսկ ավոճանապարհի 145-րդ կիլոմետրին 49 ուղեւորներով երթային մասնավոր ավտոբուսը դուրս է եկել երթեւեկության հանդիպակաց ուղի՝ կոտրելով ճանապարհային արգելապատնեշը, հայտնվել է ճամփաեզրի առվում ու շրջվել։ Վթարի հետեւանքով մահացել է 4 մարդ, եւս 26-ը վնասվածքներ են ստացել։ ՃՏՊ-ի պատճառը, ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ըստ նախնական տվյալների, ճանապարհի սառցակալումն է եղել, որւ հետեւանքով 32-ամյա վարորդը կորցրել է կառավարումը եւ ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի հատվածից։

Ինչպես հայտնում է «Վեստի»-ն, օգնություն կանչել գիշերը ավտոմայրուղու վրա, որտեղ բացակայում է բջջային կապը, հաջողվել է միայն 20 րոպե հետո, իսկ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել պատահական մեքենաներով։ Ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ։

Երթային ավտոբուսի մասնակցությամբ եւս մեկ ավտովթար է տեղի ունեցել հոկտեմբերի 20-ի առավոտյան Խաբարովսկ-Վլադիվոստոկ ավտոմայրուղու վրա։ Այստեղ բախվել են միջքաղաքային երթուղային ավտոբուսն ու բեռնատարը, ավտոբուսը փորձել է վազանցում կատարել եւ դուրս է եկել հանդիպակաց երթուղի, վթարի արդյունքում, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»ը, տուժել է մեկ մարդ։

Երթուղային ավտոբուսի արգելակների խափանումը դարձել է Պերմում տեղի ունեցած խոշոր մեկ այլ վթարի պատճառը, որի հետեւանքով տուժել է ավելի քան 20 ավտոմեքենա։ Զոհեր, ինչպես տեղեկացնում է ռադիո «Մայակ»-ը, ըստ նախնական տվյալների, չկան։ Ըստ ուղեւորների, իրենք ստիպված են եղել դուրս թռչել ավտոբուսից երթեւեկության ժամանակ, իսկ մեքենան կանգ է առել միայն այն ժամանակ, երբ բախվել է սյանը եւ այրվել։

Ներկայում դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ու հրշեջ խմբերը։