Թուրքիայի իշխանությունները ինֆլյացիայի դեմ պայքարի եւ հանրապետության բնակչության աջակցության շրջանակներում՝ որոշել են նվազեցնել հիմնական սննդամթերքների ԱԱՀ-ն՝ 8%-ից հասցնելով 1%-ի։ Այս մասին շաբաթ օրը TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Բոլորը կհամաձայնեն, որ անցյալ տարվա վերջին ամիսներին փոխարժեքի տատանումների պատճառով առաջացած խուճապը ոչ մի կապ չունի մեր երկրի տնտեսության իրողությունների հետ։ Այսօր մենք հավաքվել ենք մեր ազգին լավ լուր հայտնելու համար։ Մենք հիմնական սննդամթերքների ԱԱՀ-ն 8%-ից իջեցնում ենք 1%-ի։ Պետության անունից անում ենք 7% զեղչ, այն կգործի փետրվարի 14-ից։ Հարկերի այս կրճատումը շատ կարեւոր հաղթանակ է ինֆլյացիայի դեմ պայքարում»,- ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ թուրքական կառավարությունը «տնտեսության աճի հստակ կուրս է տանում՝ շեշտը դնելով ներդրումների, զբաղվածության, արտադրության ու արտահանման աճի եւ արտաքին առեւտրի ավելցուկի ապահովման վրա»։
2021 թվականին հանրապետության ԿԲ-ն մի քանի անգամ անընդմեջ տոկոսադրույքներն իջեցնելու որոշում է կայացրել, ինչը հանգեցրել է թուրքական լիրայի արժեքի ռեկորդային անկման։ Նոյեմբերին այն տարեսկզբի համեմատ փլուզվել է գրեթե մեկ երրորդով։





























