Հայաստանի ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա՝ փետրվարի 14-ի նիստում քննարկվեց Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրած Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության հարցը:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նախ ներկայացրել Ջանջուղազյանի կենսագրությունը, ապա ասաց. «Ես կարծում եմ, որ մենք իրապես տեղին լուրջ թեկնածու ենք առաջադրել այս շատ կարևոր պաշտոնի համար»:

Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանն իր հերթին նշեց, որ Ատոմ Ջանջուղազյանի կենսագրականը խոսում է այն մասին, որ նա կդառնա կառույցի բավականին լավ նախագահ. «Պարոն Ջանջուղազյան, դուք կդառնաք պալատի նախագահ, վստահ եմ, բայց դուք ստանում եք շատ վատ ժառանգություն, կապված օրենքի հետ, որովհետեւ գործող օրենքն ունի բազմաթիվ թերություններ և պալատին ստիպում է, որ շատ հարցերի մոտենա ձևական, ոչ բովանդակային առումով, ոչ էլ օգտակարության գործակիցը բարձր պահելու առումով: Այս տրամաբանությամբ, ձեր առաջին գործը պետք է լինի կառույցի համապատասխան մասնագետների հետ օրենքն ուժեղացնել, պնդացնել եւ բոլոր ձեւական բաները մի կողմ շպրտել, որ կարողանա Հաշվեքննիչ պալատն ավելի արդյունավետ աշխատի»,-ասաց նա: