Իսրայելական բողոքի շարասյունը, որը ոգեշնչված է Կանադայում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ ցույցերից, անցել է Թել Ավիվն ու Երուսաղեմը միացնող գլխավոր մայրուղով, հայտնում է Reuters-ը։
Երուսաղեմում տասնյակ ավտոմեքենաներ շարժվել են դեպի խորհրդարանի շենք։ Մյուս ցուցարարները կանգնել են մայրուղու խաչմերուկներում, երբ, այսպես կոչված, «ազատության շարասյունը» անցնելիս է եղել։ Որոշ մեքենաների վրա Իսրայելի եւ Կանադայի դրոշներ են եղել:
«Ազատությունն այսպիսի տեսք չունի»,- վկայել է դիմակով աղջկա պատկերող պաստառներից մեկը։
Խորհրդարանի շենքի մոտ ցուցարարները շչակներ են հնչեցրել եւ հարվածել թմբուկներին ու կոչ են արել վերացնել համավարակի հետ կապված սահմանափակումները։ «Մենք բոլորս հավաքվել ենք ազատության համար: Որովհետեւ արդեն երկու տարի է այս ամբողջ աշխարհը խելագարվում է բոլոր մանդատների եւ այն ամենի պատճառով, ինչը թույլ չի տալիս մեզ ապրել այնքան ազատ, որքան ծնվել ենք»,- ասել է Ջոնաթան Դեպորտոն:
Վերջին շաբաթներին Իսրայելը հանել է ռեստորաններում, կինոթատրոններում, մարզադահլիճներում եւ հյուրանոցներում պատվաստումների ապացույցներ ներկայացնելու պահանջը:
Բայց դիմակները դեռեւս պարտադիր են հանրային տարածքներում, ներառյալ դպրոցներում, խանութներում եւ առողջապահական հաստատություններում:
Կանադայում սկսվել են «Ազատության շարասյան» բողոքի ցույցերը: Օտտավայում դրանք ղեկավարել են բեռնատարների վարորդները, որոնք դեմ են իրենց համար պատվաստումներին կամ կարանտինին: Նմանատիպ բողոքի ցույցեր անցյալ հանգստյան օրերին անցկացվել են Ֆրանսիայում։





























