Օրերս լուրերում կարդացի, որ Ադրբեջանը մտադիր է հետախուզում հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ։ Դա ինձ ստիպեց ժպտալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
«Նախ՝ բոլորը հիանալի գիտեն, թե որտեղ է ապրում եւ աշխատում Արայիկ Հարությունյանը, Ստեփանակերտի գլխավոր հրապարակում գտնվող նրա աշխատավայրը հիանալի երեւում է օկուպացված Շուշիից այնպես, ինչպես ինքը, երբ ամեն առավոտ դուրս է գալիս ծառայողական մեքենայից։
Երկրորդ՝ Արայիկը թե՛ ուղղաթիռով, թե՛ Լաչինի միջանցքով պարբերաբար այս ու այն կողմ է գնում Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ, ինչը նախապես համաձայնեցվում է ինչպես ռուս խաղաղապահների, այնպես էլ հենց ադրբեջանցիների հետ։ Եւ երրորդ՝ Ադրբեջանը Արայիկ Հարությունյանի մասին 2020թ․ պատերազմից մեկուկես տարի հետո է հիշել, իսկ մինչ այդ «վտանգավոր անջատողականը» նրանց ընդհանրապես չէր անհանգստացնում։
Երբ ուզում են ինչ-որ մեկին ձերբակալել կամ ոչնչացնել, երբեք այդ մասին նախապես չեն հայտարարում, քանի որ օբյեկտը կարող է հասցնել թաքնվել կամ պատրաստվել։ Հիշեք, թե ինչ հզոր եւ թանկարժեք օպերացիա իրականացրին Ադրբեջանի իշխանությունները, երբ Մինսկում ձերբակալեցին ինձ եւ Լուկաշենկոյին համոզեցին հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի ու Իսրայելի հետ եւ արտահանձնել ինձ Բաքվին։ Նրանք բոլոր ԶԼՄ-ներում չգրեցին «Լապշինի նկատմամբ հետախուզում հայտարարենք», այլ գործեցին քողարկված, հատուկ ծառայությունների խողովակներով։ Իհարկե, եթե հայտարարեին, որ պատրաստվում են փնտրել ինձ, ես երբեք չէի գնա Լուկաշենկոյի Բելառուս։ Ինչպես Լատվիայում եւ Ռուսաստանում իմ դեմ երեք անհաջող մահափորձերի դեպքում, ալիեւյան ռեժիմը գաղտնի էր պլանավորում՝ առանց ինձ ծանուցելու, որ պատրաստվում են ինձ սպանել հենց Լատվիայի մայրաքաղաքի զբոսաշրջային համաժողովում։ Ինչ-որ հրաշքով տեղի ոստիկանությունն արագ աշխատեց, եւ ինձ զգուշացրեցին։
Ադրբեջանը բացահայտորեն PR է անում մի մարդու, ով նույնիսկ չի թաքնվում եւ ապրում է նրանց քթի տակ, եւ ցանկության դեպքում նրան կարելի է շատ արագ ձերբակալել։ Բայց փոխարենը բոլոր լրատվամիջոցներով շեփորում են, որ նրա նկատմամբ հետախուզում են հայտարարելու. այստեղ նպատակը բոլորովին այլ է։ Հայ հասարակության ներսում պահպանել հետախուզվող մարդու հեղինակությունը եւ ցույց տալ, որ նա Ալիեւի ռեժիմի «վտանգավոր թշնամին» է։ Թե ինչու Բաքվի իշխանությունների համար կարեւոր դարձավ դա անել հենց հիմա՝ պատերազմից մեկուկես տարի անց, ցույց կտա ժամանակը։
Սրանք ընդամենը իմ մտորումներն են, եւ ես կարող եմ սխալվել, Արայիկ Հարությունյանի դեմ ոչինչ չունեմ, երբեք չեմ հանդիպել նրա հետ, չեմ շփվել եւ ընդհանրապես ինձ չի հետաքրքրում Արցախի ներքին քաղաքականությունը»։





























