Վաշինգտոնը օգնություն կցուցաբերի Վրաստանին ՆԱՏՕ ընդունվելու ճանապարհին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հոկտեմբերի 20-ին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուն Թբիլիսիում տեղի ունեցած Վրաստանի անվտանգության ապահովման հարցերով վրաց-ամերիկյան խմբի նիստում։

«Մենք մտադիր ենք հատուկ պլան մշակել, որը կսաստկացնի ՆԱՏՕ մտնելու Վրաստանի ձգտումը»,- հայտարարել է Վերշբոուն։

Վրաստանի անվտանգության ապահովման հարցերն են այսօր առավոտյան քննարկվել Վերշբոուի եւ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Էկա Տկեշելաշվիլու հանդիպմանը, որը հանդիպումից հետո նշել է, որ "քննարկվել է անվտանգության հարցերի լայն շրջանակ։ Ներկայումս, ըստ նրա, Վրաստանի անվտանգության ապահովման գործում ԱՄՆ ներգրավվածությունը արդեն փաստ է։

Վրաստանի տարածքում Հակահրթիռային պաշտպանության տեղակայման ծրագրերի վերաբերյալ, ինչպես հայտնել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովը, խոսակցություն դեռ չի եղել։ Թեպետ Վրաստանը, ըստ նրա, դեմ չէր լինի իր տարածքում ամերիկյան Հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայմանը, սակայն Վաշինգտոնը նման խնդրանքով չի դիմել,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։

Ըստ աղբյուրի տվյալների, այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անվտանգության շուրջ ժնեւյան բանավեճի շրջանակներում վրաց-աբխազական ու վրաց-օսական հակամարտության գոտիներ միջազգային խաղաղարար ուժեր մտցնելու հարցի քննարկման մասին։ Կողմերը համաձայնության են եկել նաեւ Աֆղանստանում առաքելության իրականացման նպատակով վրաց զինվորականների հանդերձման ու պատրաստմանը ԱՄՆ-ի աջակցության հարցում։