ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ստորագրել է «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը։
Ինչպես հայտնել են ԼՂՀ նախագահի աշխատակազմից, նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է պարգեւատրումների եւ պատվավոր կոչումների մասին հրամանագրերը։
Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Գեւորգ Մուրադյանին բարձր վարպետության եւ մշակույթի զարգացմանը նպաստող գործունեության համար տրվել է ԼՂՀ վաստակավոր արտիստի կոչում։
Զգալի բարեգործական գործունեության համար «Շնորհակալության» մեդալով պարգեւատրվել են ֆրանսիացի բարերար Էմանուել դե Լաբարը, Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, տարածքային զարգացման մասնագետ Միշել Պազումյանը։
ԼՂՀ Առողջապահության եւ բժշկության ոլորտում ներդրած ավանդի համար «Շնորհակալության» մեդալով պարգեւատրվել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը։




























