«Հայաստանում քաղաքական ուժերը, մասնավորապես ընդդիմությունը, իր վրա կրում է բոլոր այն ազդեցությունները, որոնք գալիս են թե դրսից, թե բացատրվում են քաղաքացիական հասարակության ներկա վիճակով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը, հավելելով, որ այսօրվա նոր ձեւաչափով հանդես եկող ընդդիմությունը նոր է կազմավորվում:
«Այն Հայ ազգային կոնգրեսի նման կազմակերպված կառույց չէ։ Այստեղ միավորվում են այն ուժերը, որոնք գտնում են, որ անկախ տնտեսական, սոցիալական զարգացումներից, հայ-թուրքական հարաբերությունների շուրջ գործող իշխանությունների նախաձեռնած գործընթացը կարող է անդրադառնալ ոչ միայն հայոց պատմական խնդրիրների լուծման վրա, այլեւ կարող է ազդել բուն Հայաստանի ներքին զարգացումների վրա»,-նշեց նախկին մարդու իրավունքների պաշտպանը, շարունակելով, որ ներկայիս ազգային խնդիրներ ներկայացնող ուժերը ժողովրդավարությունը չեն դիտարկում որպես ազգային նպատակ։
«Իրավական պետության կայացումը չի մտնում այդ ուժերի օրակարգի մեջ։ Մենք տեղում պտույտ անելով անկում ենք ապրում։ Հայաստանում քաղաքական դաշտը դեռ շատ հեռու է կայացումից»,-ընդգծեց նա:




























