Նա, ով խաղում է գործող վարչակազմի կանոններով, չի կարող ընդդիմություն համարվել։ Հուլիսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Սարդարապատ» նախաձեռնողական խմբի անդամ, ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը։
Պատասխանելով իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին հարցին՝ Սեֆիլյանն ընդգծեց, որ գործընթացը ձեռնտու է իշխող վարչակազմին։ Նրա խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանը երկխոսություն սկսելու Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին արձագանքեց միայն այժմ եւ այն էլ այն պատճառով, որ հույս ուներ, որ կհասնի ընդդիմադիր ընտրազանգվածի փոշիացման։
«Դա տեղի չունեցավ, իսկ ընտրությունների գնալ մոբիլիզացված ընդդիմադիր ընտրազանգվածի հետ հղի է խնդիրներով, ահա եւ երկխոսության որոշում կայացվեց»,- կարծում է Սեֆիլյանը։ Նրա ներկայացմամբ, երկխոսության ողջ գործընթացը բացառապես ի օգուտ իշխանությունների է։ «Ցավոք, Հայ ազգային կոնգրեսի մեր գործընկերները չլսեցին մեր կոչերը»,- ասաց Սեֆիլյանը՝ ավելացնելով, որ կարճաժամկետ հեռանկարում տուժելու է ժողովուրդը, իսկ երկարաժամկետ հեռանակարում՝ քաղաքական այն գործիչներն, ովքեր «երկխոսության են գնացել ժողովրդի վրա կրակել համարձակված ռեժիմի հետ»։
Նշենք, որ իշխանություն-ՀԱԿ երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 26-ին։




























