Հայաստանը բացառություն չէ, խոշոր շղթայական վթարներ տեղի են ունենում ամբողջ աշխարհում, հատկապես ձմռանը։ Այս մասին ասաց ճանապարհային անվտանգության փորձագետ Արտակ Խաչատրյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ձյան տեղումների պատճառով հանրապետության ճանապարհներին տասնյակ ավտոմեքենաների մասնակցությամբ վթարները։

Փորձագետը հիշեցրեց, որ մեծ մասամբ քաղաքացիները նախապես տեղեկացված են եղել եղանակային անբարենպաստ պայմանների եւ սպասվող ձյան մասին։

Հիմնական հարցն այն է, թե կարող են արդյոք կարգապահ վարորդները, որոնք ՃՏՊ-ի են ենթարկվել հենց չմաքրված ճանապարհի պատճառով, իրենց իրավունքները պաշտպանել անձնական կամ կոլեկտիվ հայցով։ Այս հարցին ի պատասխան՝ փորձագետը հիշեցրեց, որ ձյան առատ տեղումների դեպքում, նույնիսկ հաշվի առնելով, որ ճանապարհների մաքրման աշխատանքներ պետք է իրականացվեն, վերապահումներով կարելի է մեղադրել՝ քանի դեռ տեղումները շարունակվում են, միշտ չէ, որ նպատակահարմար է մաքրել ճանապարհը, ուստի պատասխանատու անձանց անգործության մասին խոսել կարելի է, եթե ձյան տեղումներից հետո ճանապարհը չի մշակվում։

Բացի այդ, միշտ կա պահանջը շրջանցելու հնարավորություն։ «Դրույթ կա, որի համաձայն՝ որոշակի ժամի ձնահավաք տեխնիկա պետք է անցնի։ Երբ քաղաքացիները սպառնում են հայցով, ընկերությունը կամ վարչակազմը կարող են ստորագրությամբ տեղեկանք տալ այն մասին, որ սահմանված ժամին տեխնիկան այնտեղ աշխատել է, մեղավորը բնությունն է, իսկ ՃՏՊ-ն տեղի է ունեցել ժամանակացույցով սահմանված ժամերի միջեւ ընկած ժամանակահատվածում, այսինքն ընկերությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինները մեղավոր չեն»,- պարզաբանեց Խաչատրյանը։

Նրա խոսքով, տեղի ունեցողի մեջ բաժի ունեն նաեւ վարորդների մեղքը եւ օրենսդրական բացը։ «Հայաստանում չկա օրենք, որը պարտավորեցնում է վարորդներին ձմեռային անվադողերով երթեւեկել։ Ավելացնենք վարորդների անփութությունը, որոնք մանեւրելիս հաշվի չեն առնում ճանապարհի վիճակը։ Հայաստանում մեծ խնդիր է դիստանցիայի բացակայությունը, եւ իրավասու մարմինները չեն պահանջում, որ դա պահպանվի։ Ընդ որում, ճանապարհային երթեւեկության կանոնները պատասխանատվությունը վարորդի վրա են դնում՝ ենթադրելով, որ վարորդը եղանակային պայմանները եւ ճանապարհի վիճակը հաշվի առնելով պետք է վարի մեքենան»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ ասվածը ամենեւին չի նշանակում, թե ճանապարհները կարելի է չմաքրել։

Նշենք, որ սոցցանցերը լիքն են արդեն իսկ Երեւանի արվարձաններումում մերկասառույցի մասին հրապարակումներով, էլ չասենք մարզերի ճանապարհների վիճակի մասին։