Միացյալ Թագավորության կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի ավելի քան 25 000 դեղաչափ, NEWS.am–ը տեղեկացնում է Միացյալ Թագավորության դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

ՄԹ դեսպան Ջոն Գալագերն ասել է. «Մենք համոզված ենք, որ պատվաստումը շարունակում է միակ արդյունավետ միջոցը հանդիսանալ COVID-19 համավարակի դեմ պայքարի, դրա կասեցման և հետևանքների մեղմացման գործում։ Ուստի, շատ ուրախ եմ, որ Միացյալ Թագավորությունն օգնության ձեռք է մեկնել Հայաստանի մեր բարեկամներին՝ որպես ողջ աշխարհում համավարակի հաղթահարմանն աջակցելու ՄԹ կառավարության հանձնառության մաս»:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար և նշել, որ ուրախ կլինեն Միացյալ Թագավորության հետ համագործակցել նաև այլ առողջապահական ոլորտներում։

Ի լրումն Միացյալ Թագավորության՝ պատվաստանյութերի COVAX նախաձեռնությանը տրամադրած աջակցությանը, որը նույնպես առաքվել է Հայաստան, սա COVID-19-ի դեմ պայքարի նպատակով ցուցաբերված աջակցության երրորդ փաթեթն է, որը Հայաստանին տրամադրվել է անմիջապես Միացյալ Թագավորության կողմից։ Առաջին երկուսը ներառել են անհատական պաշտպանիչ միջոցների նվիրատվություն և Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմի այց Հայաստան։