Հայաստանի կառավարությունը հաջորդ շաբաթ բիզնեսի աջակցության նոր ծրագիր կներկայացնի՝ ներդրումներ կատարելու նպատակով։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նոր ծրագրի մանրամասները նախարարը դեռ չի հրապարակել, սակայն ասել է, որ դրա նպատակն է աջակցել նրանց, ովքեր մտադիր են միջոցներ ներդնել արտադրական եւ այլ ակտիվների, ինչպես նաեւ ենթակառուցվածքների մեջ։
«Վերջերս ընդունված մեկ այլ նախագծով բիզնեսը սուբսիդիաներ է ստանում նոր սարքավորումներ ձեռք բերելու համար։ Ուրախ եմ տեղեկացնել, որ բիզնեսի հետաքրքրությունը այս ծրագրի նկատմամբ շատ մեծ է։ Դա մեզ թույլ կտա թարմացնել մեր արդյունաբերության հաստոցային պարկը եւ բարձրացնել արտադրողականությունը, ինչը մեր երկրի համար շատ արդիական է»,- ընդգծեց Քերոբյանը։
Այժմ, նրա խոսքով, բանկերում ազատվել են միջոցներ, որոնք նախկինում ուղղվում էին սպառողական վարկավորմանը։ Այդ միջոցները, ինչպես նշեց կառավարության ներկայացուցիչը, պետք է ուղղվեն բիզնեսի վարկավորմանը եւ նոր ներդրումներին։





























