Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 24-ի նիստում հվանություն տվեց «Մաքսային կարգավորման մասին» օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների փաթեթին:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ դրանով պետական սահմանին տարբեր պետական մարմինների կողմից իրականացնող հսկողությունն օպտիմալացվում է եւ ներդրվում է մեկ պատուհանի սկզբունքը:

Նրա խոսքով, այս պահին 5 պետական մարմին է ներկայացված սահմանին՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը, մաքսային ծառայությունը, ՍԱՏՄ-ն, ոստիկանությունը եւ տրանսպորտային գործառույթի մասով նախատեսվել էր նաեւ այդ տեսչական մարմնի ներկայությունը. «Փոփոխություններից հետո սահմանային կետում կմնա երկու մարմին՝ մաքսային մարմինը եւ ԱԱԾ սահմանապահ զորքերը, որոնք կիրականացնեն սահմանային կետի հսկողությունը: Մյուս պետական մարմինների գործառույթները բաշխվում են այս երկուսի միջեւ: Նպատակը հետեւյալն է, որ մեկ անձը փաստաթղթերի մեկ փաթեթը հանձնի մեկ պետական մարմնի, ստիպված չլինի նույն փաթեթով դիմել տարբեր պատուհանների»,-ասաց Բադասյանը՝ հավելելով, որ սա կկրճատի տնտեսվարողի կողմից սահմանի հատման տեւողությունը:

«Միջինում տնտեսվարողը ծախսում էր 2-3 օր ներմուծման պրոցեսի վրա, որպեսզի ապրանքների բացթողումը տեղի ունենա: Հիմա մենք ունենք արդեն 13 սուբյեկտ, որոնք օգտվել են նախնական հայտարարագրման համակարգից եւ ունենք աշխատակազմ, որը 24/7 ռեժիմով սպասարկում է նախնական հայտարարագրերը: Արդյունքում 20 օրվա դեպքով գործընթացը 2-3 օրվա փոխարեն տեւում է 2-3 ժամ:

Երբ այս զոեկուցվող նախագծերի փաթեթը կմտնի ուժի մեջ եւ կունենանք էտալոնային մոդելով աշխատող սահմանային կետ, այս 2-3 ժամը կրկին կկրճատվեն մի քանի անգամ»,-ասաց նա: