ԵԱՏՄ շրջանակներում մի շարք կարեւոր նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու որոշում է կայացվել. դա միանշանակ դրական ազդեցություն է ունենալու գների վրա: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մոտ 430 անուն ապրանքի մասով մաքսատուրքը զրոյացվում է: Դա իհարկե, դիսկրետ որոշում է, միջինում 6 ամիս ժամկետով է, բայց այնուամենայնիվ, դրական ազդեցություն կունենա գների վրա: Այո, որոշակի չափով մաքսատուրքերը կնվազեն, բայց կարծում եմ՝  շատ ավելի մեծ էֆեկտներ կլինի սպառողների համար»,-ասաց նա:

Փոխվարչապետը հիշեցրեց, որ Հայաստանը 2022 թվականին 7 հազար եւ 2023 թվականին 8 հազար էլեկտրական մեքենաների ներմուծման մասով արտոնություն ունի. «Մենք նաեւ ավելացված արժեքի հարկից ենք ազատում այդ մեքենաները: Ըստ էության, գործարանային գնով ՀՀ քաղաքացիները կարող են ձեռք բերել այդ մեքենաները:

Բացի այդ, ունենք կոնսենսուսային որոշում, որ մարտի 31-ից էլեկտրոնային առեւտրի շեմն է բարձրանում՝ 200 հազար դրամից հասնելով 1000 եվրոյի:

Շուտով կհրապարակենք ապրանքների ցանկ, որոնք ազատվում են մաքսատուրքից, եւ դրանով կսզպենք գների աճը»,-ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ըստ էության, էլեկտրամոբիլների մասով այս արտոնությունը լավ հնարավորություն է ՀՀ քաղաքացիների համար. «Ով շուտ բերեց, նա է օգտվելու: Էլեկտրոմոբիլները մեր ապագան են եւ հիմիկվանից պետք է տրամադրվել: Ընդհանրապես, հիմա մենք որտեղ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու հարց կա, խնդրում եմ, անպայման առաջնությունը հնարավորության դեպքում տալ էլեկտրամոբիլներին»,-ասաց նա: