Ընդդիմությունը վստահ է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ փաստաթղթի որոշակի նախագիծ կա։ Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա կարծիքով՝ եթե խոսք չլիներ փաստաթղթի ստորագրման մասին, ապա հարցերը միայն կբազմապատկվեին։ «Այդ դեպքում ի՞նչ են քննարկում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ։ Եթե խոսքն իսկապես սահմանի ապաշրջափակման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին է, ապա դրա համար պետք է ընդամենը մեկ քայլ։ Պարզապես պետք է նոտաներ փոխանակել: Բանակցություններ են ընթանում, եւ դա արդեն խոսում է փաստաթղթի առկայության մասին, որը կողմերը քննարկում եւ համաձայնեցնում են»,- պարզաբանեց նա։
Սաղաթելյանը վստահ է, որ իշխանությունը կրկին դավադրություն է նախապատրաստում։





























