Եթե ապացույցներ չկան, դրանք պետք է հորինել։ Ահա թե ինչով են առաջնորդվում Ադրբեջանում՝ առանց խղճի խայթի խեղաթյուրելով փաստերը, հարկ եղած դեպքում՝ աճպարարի ճարպկությամբ  «ապացույցներ» հանելով թեւքից։ Այս դեպքում՝ ոսկորներ ու գանգեր:

Ինչպես մարտի 30-ին հայտարարել են ադրբեջանական իշխանությունները, մարտի 24-ին Ղարաբաղի Փառուխ գյուղի ուղղությամբ ներխուժած ադրբեջանցի զինվորականները ինչ-որ մնացորդներ են «հայտնաբերել», եւ արդեն պնդում են, որ դրանք Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ «խոշտանգված» ադրբեջանցիներ են։

«Ենթադրվում է, որ դրանք ադրբեջանցի զինվորներ են, որոնք զոհվել են հայ զավթիչների հետ Փառուխ գյուղի եւ մոտակա բարձունքների համար մարտերում»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ առանց հարց տալու, թե ինչ էին անում ադրբեջանցի զինվորները հայկական գյուղի մոտ եւ ով է այստեղ զավթիչը։ Ակնհայտ է, որ նույնն են արել, ինչ այսօր՝ փորձել են գրավել գյուղը։

Ադրբեջանցի զինվորականները նման բազմաթիվ «գերեզմաններ» են «հայտնաբերել»։ Եվ ահա այս կեղծված «ապացույցները» Ադրբեջանի իշխանությունները կփորձեն օգտագործել միջազգային ատյաններ դիմելու համար՝ հայկական բանակին մեղադրելով «գերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մեջ»։

Ադրբեջանի իշխանությունները, որոնք ամեն կերպ հայատյացություն են խրախուսում եւ սերմանում, Ալիեւը, որն անձամբ պարգեւատրում է բառիս բուն իմաստով գլխակերներին, այժմ զբաղված է հայերի կողմից իբր կատարված հանցագործությունների «ապացույցներ» ստեղծելով։ Հայկական կողմին մեղադրելով թաղման վայրերի մասին տվյալներ չտրամադրելու մեջ՝ Ադրբեջանն ինքը չի շտապում վերադարձնել ողջ գերիներին կամ հայտնել առաջին պատերազմում զոհված շուրջ հազար հայերի թաղման վայրերը։