Վարչական դատարանում Վանաձորի ավագանու ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Ոսկանյանի համոզմամբ՝ խորհրդարանի ընդունած օրենքը, որով վարչապետին լիազորություն է տրվում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, ոչ թե լուծում է ՏԻՄ ընտրություններից 4 ամիս անց համայնքապետեր չունենալու հարցը, այլ լրացուցիչ հարցեր է առաջացնում։

«Եթե ցանկություն կար, որ համայնքն ունենա ղեկավար, կար վարչական դատարանի որոշում, որով արգելված է համայնքի ավագանուն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ հրավիրել։ Ընդամենը Վարչական դատավարության օրենսգրքի այդ նույն կետում կարելի էր փոփոխություն անել, որով օրենքի ուժով արգելքը կվերանար եւ ավագանին կարող էր ընտրել համայնքի ղեկավար։ Ավագանին տեղական ինքնակառավարման մարմին է, որը պետք է ընտրի համայնքի ղեկավար։ Ստացվում է, որ սահմանադրական մարմին հանդիսացող դատարանը արգելում է մեկ այլ սահմանադրական մարմնին ընտրություն կատարել։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է վարչապետը նշանակի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին։ Իսկ ավագանին ի՞նչ պետք է անի։ Համայնքապետի պաշտոնակատարը ավագանու հետ ո՞նց պետք է հարաբերվի, ավագանին պե՞տք է նիստ անի, թե՞ ոչ։ Ավագանին լիազորություն ուներ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու, հիմա ժամանակավոր պաշտոնակատարին կարո՞ղ է  հայտնել, թե՞ ոչ։ Որեւէ կարգավորում չկա դրա առնչությամբ։ Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ փոփոխություն է արվել օրենքում, որը ոչ թե հարցեր է լուծում, այլ առաջացնում է անհստակություններ եւ բազմաթիվ հարցեր»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Ոսկանյանը։

«Իսկ ինչո՞ւ է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին նշանակում վարչապետը»,- հարցնում է փաստաբանը եւ շարունակում՝ չէ՞ որ ավագանին է ընտրում համայնքի ղեկավարին։

«Եթե համայնքի ղեկավար չես կարողանում ընտրել, ինչ-որ արգելք կա, ապա համայնքի ավագանին թող ընտրի պաշտոնակատար։ Որքանով տեղյակ եմ ԱԺ-ում առաջարկ է եղել, որ պաշտոնակատար նշանակվի առավել շատ մանդատ ստացած խմբակցության առաջարկով, որը բնականաբար մերժվել է։ Եթե խնդիրը համայնքը անտեր չթողնելն է, իրենց համար ինչ տարբերություն, թե ով կլիներ պաշտոնակատարը, թող առավելագույն ձայներ ստացած խմբակցությունն ինքն առաջարկեր պաշտոնակատարին կամ էլ նշանակեր։ Այսինքն՝ կարող է ստացվել իրավիճակ, երբ ընտրություններում շատ ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, բայց այդ ուժը որեւէ դերակատարում չի ունենում  քաղաքի կառավարման մեջ»,- նշեց փաստաբանը։

Վանաձոր խոշորացված համայնքի ավագանին 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններից հետո ավագանու մեկ նիստ է արել, ընդ որում՝ դա եղել է արտահերթ։ Նորընտիր ավագանու առաջին նիստը պետք է լիներ դեկտեմբերի 24-ին, որը, սակայն, չկայացավ, քանի որ Վարչական դատարանը ԼՀԿ-ի հայցի հիման վրա՝ միջանկյալ միջոց էր կիրառել եւ արգելել Վանաձորի ավագանուն համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ հրավիրել։

Վանաձորում ավագանու արտահերթ նիստ տեղի է ունեցել հունվարի 24-ին։ Ավագանին այդ օրը փաստաբան Արտակ Ոսկանյանին ընտրել էր Վարչական դատարանում Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու շահերի ներկայացուցիչ։ Ընտրություններից ի վեր սա Վանաձորում ավագանու տեղի ունեցած միակ նիստն է։

«Մամիկոն Ասլանյան» եւ «Հայրենիք» խմբակցության անդամները արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես էին եկել նաեւ մարտի 18-ին, որը տեղի չէր ունեցել։  Օրակարգում Վանաձոր համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին որոշման նախագիծն էր։ Աշխատակազմը ձեռնպահ էր մնացել   Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարելու հետ կապված որեւէ գործողությունից։

Ապրիլի 1-ին հրատապ կարգով ԱԺ-ն ընդունեց իշխող խմբակցության պատգամավորների հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է, որ «եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ օրենքով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»։

Արտակ Ոսկանյանը հետաքրքրվում է՝ արտահերթ նիստը, որում ինքն ընտրվել էր Վանաձորի ավագանու ներկայացուցիչ, համարվո՞ւմ է առաջին նիստ, թե՞ ոչ։

«Հաշվարկը ո՞նց է արվում։ Չէ՞ որ ավագանին նիստն արել է, օրակարգը հաստատել է, որոշում է ընդունել, որով ինձ ընտրել է ավագանու լիազոր ներկայացուցիչ, Վարչական դատարանն էլ ընդունել է ավագանու կողմից ընդունված որոշման իրավաչափությունը, որի հիման վրա ես ներգրավվել եւ մասնակցում եմ վարչական գործին։ Հիմա դա ավագանու առաջին նիստ համարվո՞ւմ է, թե՞ ոչ։ Սա իրավական քաոս է, ով ոնց կուզի՝ կմեկնաբանի»,- ասաց Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ չի կարող հրավիրվել, քանի դեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը վիճարկման փուլում է։ ԼՀԿ-ի բողոքը Վճռաբեկ դատարանում մուտք է արվել փետրվարի 7-ին, բայց Վճռաբեկ դատարանը դեռ որոշում չի կայացրել՝ բողոքը վարույթ ընդունել, թե վարույթ ընդունելը մերժել։ Վճռաբեկը երեք ամիս ժամանակ ունի որոշում կայացնելու համար։