2021-2022 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի արդյունքներն ամփոփվել են, լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները հյուրընկալվել են Երևանի պատմության թանգարանի շենքում և պարգևատրվել:

ԿԳՍՄՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 16 առարկայից օլիմպիադայի այս փուլին մասնակցել է Երևանի հիմնական, միջնակարգ, ավագ դպրոցների և կրթահամալիրների 2211 աշակերտ: Նրանցից 430-ը տարբեր առարկաներից արժանացել են դիպլոմների և գովասանագրերի:

Առաջին կարգի դիպլոմով է պարգևատրվել 68 աշակերտ, 111-ը՝ երկրորդ և 181-ը՝ երրորդ կարգի դիպլոմով:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, շնորհավորելով աշակերտներին և մաղթելով նորանոր ձեռքբերումներ, շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ երեխաների բարձր գիտելիքների և նվիրված աշխատանքի համար:

Առարկայական օլիմպիադաները ոչ միայն գիտելիքների ստուգման հնարավորություն են տալիս, այլև ձևավորում ընկերություն դպրոցականների միջև:

Պարգևատրումից հետո աշակերտները շրջել են թանգարանում, ծանոթացել քաղաքի 2804-ամյա պատմությանը: