ԱՄՆ-ն այս ամառ կարող է վառելիքի պակասի բախվել, իսկ Եվրոպան նույնպես կարող է տուժել վառելիքի պակասից, նախազգուշացրել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։
«Երբ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում սկսվի հիմնական արձակուրդային սեզոնը, վառելիքի պահանջարկը կբարձրանա»,-ասել է Ֆաթիհ Բիրոլը Der Spiegel-ին տված հարցազրույցում: «Եվ մենք կարող ենք դեֆիցիտի բախվել, օրինակ, դիզվառելիքի, բենզինի կամ կերոսինի, հատկապես Եվրոպայում»,-հավելել է Բիրոլը։
Բիրոլը նաեւ ասել է, որ ներկայիս էներգետիկ ճգնաժամը կլինի ավելի ծանր եւ երկարատեւ, քան 1970-ականների նավթի գների աճը։
Առավել հաճախ վառելիքի պակասը նկատվում է ամռանը, քանի որ մարդիկ ավելի շատ են մեքենա վարում, երբ արձակուրդ են գնում: Սա, ամենայն հավանականությամբ, գները կբարձրացնի գալիք ամիսներին, ասել է Բիրոլը:
Բենզինի գները վերջին շաբաթների ընթացքում հասել են ռեկորդային բարձր մակարդակի՝ օրը միջինը 4,62 դոլար մեկ գալոնի դիմաց, ըստ Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի:





























