Մոսկվան հանգիստ է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, քանի որ հասկանում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները բացառապես երկկողմ ձեւաչափ չէ։  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Ես կարծում եմ, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, հասկանալով միաժամանակ մի քանի բան։ Օրինակ այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները բացառապես երկկողմ ձեւաչափ չէ։ Դրանք վակուումում չէ, որ զարգանում են։ Այստեղ հսկայական ազդեցություն ունի Ադրբեջանը։ Ահա այդ տանգոյում ներկա է նվազագույնը եւս մեկ պարող։ Ադրբեջանը Թուրքիայի համար ընդամենը արտաքին քաղաքական համերաշխության գործոն չէ, շատ առումներով այն նաեւ ներքաղաքական գործոն է, քանի որ Ադրբեջանից հեռացած քիչ մարդիկ չեն Թուրքիայում ապրում․․․ Այդ մարդիկ ստացել են թուրքական անձնագրեր եւ կարող են քվեարկել։ Տարբեր գնահատականներով՝ խոսքը 3 միլիոն մարդու մասին է։ Այսինքն նաեւ այդ մարդիկ են որոշում Թուրքիայի ներքաղաքական օրակարգը։ Ուստի Անկարան կհետեւի Բաքվի արձագանքին, հատկապես  այս դրությունում», պարզաբանեց քաղաքագետը։

«Պատահական չէ, որ տառացիորեն օրերս Իլհամ Ալիեւն ազդակ հղեց Անկարա, որ հայկական կողմից դրական որոշ առաջխաղացումներ կան։ Սա կարծես նշանակում է նաեւ, որ Բաքուն առանձնապես դեմ չի լինի, եթե դուք Երեւանին ընդառաջ մի քանի քայլ անեք», նշել է քաղաքագետը։

Այս առումով, նա օրինակ բերեց ֆուտբոլային դիվանագիտության ժամանակաշրջանը, երբ Ադրբեջանը Անկարայի հետ հարաբերություններում զբաղեցրեց չլսված կոշտ դիրքորոշում։

«Հասկանալի է, որ եթե հանկարծ ինչ-որ կերպ Անկարան մոռանա իր Կասպյան գործընկերոջ մասին, ապա այնտեղից ազդակներ կհղվեն», ասաց նա։

Քաղաքագետի խոսքով, երկրորդ պահն այն է, որ ավանդաբար թուրքական կողմը առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, որոնք հայկական կողմն այնքան էլ պատրաստ չէ ընդունել, եւ Մոսկվան դա հասկանում է։

«Ուստի՝ այո, կա մոտեցում, որ Անկարայի հետ հարաբերությունները կարեւոր են, եւ այստեղ ցանկացած տեղաշարժ նպաստում է, որ Մոսկվայի ու Անկարայի համար ձեւավորվի նատօականից դուրս իրենց սեփական օրակարգը, եւ դա կարեւոր է, մյուս կողմից, կա ըմբռնում, որ այդ գործընթացն առաջ է շարժվում այնպես, ինչպես պետք է շարժվի։ Առաջ հրելու ցանկացած փորձ կարող է սառեցնել կարգավորման գործընթացը կամ շրջել հակառակ ուղղությամբ, ինչպես արդեն ոչ մեկ անգամ եղել է», ամփոփեց Մարկեդոնովը։