Լոռու մարզի Դեբետ գյուղում հունիսի 11-ին տեղացած կարկուտի հետեւանքով ավերվել են ծառերի եւ բանջարաբոստանային պտուղների մեծ մասը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Անուշ Սարգսյանը:
«Կարկուտի պահին գյուղում երթեւեկող մեքենաներ կային, որոնք այդ պահին ստիպված կանգ առան: Որոշ մեքենաների դիմապակիների են վնասվել, շատ տների՝ տանիքներ: Թաղամաս կա, որտեղ ճանապարհն է վնասվել: Մի թաղամասի բուսական հատվածներն ամբողջությամբ ոչնչացրել է: Մեզ մոտ կան ձորային հատվածներ, որտեղ համեմատաբար վնասներ չեն եղել, բայց հարթ հատվածներն ամբողջությամբ ավերվել են: Գյուղացի ունենք, որի 600 քառակուսի կիլոմետր կարտոֆիլի դաշտն ամբողջությամբ ջարդել է: Ինտենսիվ շատ այգիներ են վնասվել»,- նշեց Սարգսյանը:
Գյուղապետի խոսքով՝ տեղացած կարկուտը վերջին տարիներին ամենաուժգինն էր գյուղում:
«Կարկուտի հատիկները շատ մեծ չէին, սակայն հաջորդ առավոտյան դրանք ամբողջությամբ չէին հալչել եւ ձյան շերտի նման մնացել էին: Կարկուտի հետեւանքով այս տարվա բերքն ամբողջությամբ վնասվել է: Լոբազգիները հնարավոր կլինի նորից ցանել մինչ աշուն, բայց բանջարաբոստանային բույսերը՝ կարտոֆիլը, վարունգը, լոլիկը, պղպեղն արդեն անվերականգնելի վնասներ են կրել: Ընկույզ եւ խաղող չունենք, սալորն ու խնձորն են շատ վնասվել: Պտուղներ ունենք, որոնք, դեռ չեն թափվել, բայց կթափվեն»,- ասաց Անուշ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ վնասներն արձանագրված են: Ստեղծվել է հանձնաժողով, որն արդեն կգնահատի վնասների չափերը:
































