Մեկ շաբաթ առաջ Թեհրանում կայացավ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարների գագաթաժողովը, որում հիմնականում քննարկվեց սիրիական հարցը։ Աննկատ չմնաց նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի թեման, որին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ հասկացնելով, որ հայ-իրանական սահմանի փոփոխություններն անթույլատրելի են։
Թուրքիային այս երկու ուղղություններով (Սիրիայի եւ Հարավային Կովկասի), ինչպես կարծում է Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը, չհաջողվեց առաջ շարժվել։
ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Իրանը դեմ են Թուրքիայի գործողություններին
Կանդահարյանը վստահ է, որ Թուրքիային սահմանակից տարածքներում, հատկապես՝ Սիրիայում, անվտանգության գոտի չի ձեւավորվի այնպես, ինչպես ցանկանում է Անկարան՝ չնայած սահմանային որոշակի գործողություններին, որոնք նախկինում դիտարկվել են եւ շարունակում են տեղի ունենալ։
Եռակողմ հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը Թուրքիայի կողմից նման ծրագրերի իրականացման համաձայնություն չեն տվել։
Ի պատասխան՝ Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան ռազմական գործողություններ սկսելու համար ոչ մեկի թույլտվության կարիքը չունի։ Թեհրանի եւ Մոսկվայի դիրքորոշումը հանգում է նրան, որ նրանք «կանաչ լույս» չեն վառելու եւ չեն հանդուրժի ռազմական ներխուժումը։ Ավելին, Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց, որ Սիրիայի կառավարական ուժերը պետք է վերահսկեն Սիրիայի ողջ սահմանը, ապահովեն երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս բոլորը հանդիպակաց պատասխաններ են Թուրքիայի հարձակումներին։
«Շատերը տարված են նրանով, որ Թուրքիայի համար Սիրիայի հարցում կա ԱՄՆ-ի զսպող դիրքորոշումը, սակայն կարեւոր է նաեւ Իրանի եւ Ռուսաստանի արգելքը։ Փաստորեն, այս հարցում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Իրանի դիրքորոշումները նման են։
Թեհրանում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ոչ պակաս կարեւոր նշանակություն ունեցավ Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ Սյունիքով կապի հաստատման թեման։ Այս հարցում եւս Թեհրանը հասկացրեց, որ հայ-իրանական սահմանի ցանկացած փոփոխություն անընդունելի է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կանդահարյանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, անցյալ շաբաթ թուրքական զինված ուժերի կողմից հյուսիսային Իրաքի հանգստյան գոտու հրետակոծության հետեւանքով զոհվել է 9 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ, ավելի քան 20 մարդ վիրավորվել է։ Դրանից հետո Իրաքը հետ է կանչել գործերի ժամանակավոր հավատարմատարին Անկարայից, որը ներողություն խնդրելու փոխարեն հերքել է այդ գործողությունները։
Բաղդադը Թուրքիային մեղադրել է էքսպանսիոնիզմի համար եւ բողոք է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որտեղ նշված են ավելի քան 22 000 թուրքական խախտումներ, ինչպես նաեւ հարձակման զոհերի անունները։ Երեկ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իրաքի Բաշիք շրջանում գտնվող թուրքական ռազմաբազայի մոտ հրթիռ է ընկել։
Կանդահարյանի կարծիքով՝ այս պահին Սիրիայում կամ Իրաքում լայնածավալ պատերազմի հավանականություն, այնուամենայնիվ, չկա։ Բայց դա չի բացառում սահմանային ռազմական գործողությունների անցկացումը, այն օրինակով, թե ինչպես է Թուրքիան հարձակումներ իրականացնում քրդերի վրա Իրաքում։ Այն, ինչին Էրդողանը չկարողացավ հասնել Սիրիայի հարցում, նա որոշեց փոխհատուցել Իրաքում քրդերի մարտական դիրքերի գնդակոծություններով եւ սիրիական ձախողումը հավասարակշռելով։ Սակայն դա որեւէ լուրջ վերադասավորում չի առաջացնի եւ չի հանգեցնի քրդերի կողմից այդ տարածքների նկատմամբ վերահսկողության կորստի։
«Բացառված չէ, որ այս բոլոր գործողություններն ուղղված են Թուրքիայի ներքին լսարանին՝ հաշվի առնելով, որ ընտրությունները մոտ են: Էրդողանի քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական քայլերը կարող են նրա պոտենցիալ ընտրազանգվածի վրա ազդելու փորձեր պարունակել»,- նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։
Հարավային Կովկասից Արեւմուտքի դուրսբերումը
Կանդահարյանը կարծիք հայտնեց, որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Իրանը, Թուրքիային ներքաշելով համատեղ գործընթացների մեջ, ցանկանում են Արեւմուտքին դուրս բերել Հարավային Կովկասից։ Այդ մասին են վկայում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Մոսկվայի հայտարարությունները, ինչը ենթադրում է Հարավային Կովկասում Թուրքիայի եւ Ռուսաստանի համաձայնությամբ նոր ստատուս-քվոյի հաստատում, եւ խոչընդոտ է դնում տարածաշրջանում գործընթացներին ներգրավվելու Արեւմուտքի ճանապարհին։ Տարածաշրջանից Արեւմուտքին դուրս բերելու շահագրգռվածությունն էլ նախադրյալ է ստեղծել «3+3» ձեւաչափով բանակցություններ սկսելու համար։
Նա նշեց, որ դեռեւս դժվարություններ է ստեղծում ձեւաչափին Վրաստանի միանալու հարցը։ Ստացվում է, որ երկրորդ եռյակի բաղադրիչը (Հարավային Կովկասի երկրները) լիարժեք չի աշխատում, եթե հաշվի առնենք նաեւ, որ դրանում ընդգրկված են միմյանց դեմ հակամարտող Հայաստանն ու Ադրբեջանը։
«Երեւանը, այս ամենի համատեքստում, պետք է հավասարակշռված քաղաքականություն վարի, չնայած 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանից ավելի մեծ կախվածությանը։ Արեւմուտքի ակտիվությունը տարածաշրջանում կշարունակվի, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերսկսման մասին հայտարարությունները վկայում են հայ-ադրբեջանական գործընթացներում միջնորդի դերի համար մրցավազքից հետ չմնալու ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի (որպես ԵՄ ներկայացուցչի) ձգտումների մասին»,- հավելեց նա։
Այս խոսքերը հաստատումն են Ադրբեջանի նախագահ Ալիեւին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հիշեցումը, որ «Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է 1994 թվականից եւ պատրաստ է երկկողմ համագործակցության ու փոխգործակցության համախոհ գործընկերների հետ, որպեսզի օգնի Հայաստանին եւ Ադրբեջանին երկարաժամկետ համապարփակ խաղաղություն գտնել»։
Կարս-2
Թուրքիան եւ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդիրը սերտորեն կապում են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացի հետ, ինչի մասին են վկայում Անկարայի հայտարարություններն այն մասին, որ նա ամեն քայլը պետք է համաձայնեցնի Ադրբեջանի հետ։
«Ամենասկզբից Ադրբեջանը եղել է մեր «կարմիր գիծը». Մենք հայտարարել ենք, որ «մեր դռները» կբացենք ադրբեջանական հարցի լուծումից հետո։ Մենք լուրջ եւ վճռական ենք տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- վերջերս ասել է Էրդողանը։
Կանդահարյանը կարծում է, որ նախապայմաններում փոփոխություններ են եղել Թուրքիայի կողմից, որը Հայաստանի հետ բանակցությունները կապել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի հետ, հետո միասին սկսել են անվերջ խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Չպետք է մոռանալ նաեւ հայ-թուրքական սահմանը սահմանազատելու Անկարայի ցանկության մասին, ինչը հավասարազոր է Կարս-2-ին (Կարսի պայմանագիր): Այսինքն՝ փոխվել են ավանդական նախադրյալները, բայց չեն փոխվել այն թիրախները, որոնց փորձում են հարվածել Անկարան ու Բաքուն։
Չնայած ղարաբաղյան խնդրի բացակայության մասին հայտարարություններին, ըստ էության, Բաքուն եւ Անկարան միայն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի ձեւակերպումն են փոխել։
Հայաստանը չպետք է տուժի թուրանական կամրջից
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետը, լրագրողի գնահատմամբ, վերաբերում է ոչ միայն հրադադարի ռեժիմի հաստատմանը, այլ ամբողջ տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Մշտապես ուշադրություն է դարձվում Նախիջեւանից Սյունիքով Ադրբեջան տանող ճանապարհին, թեեւ հարցը պետք է ավելի լայն դիտարկել, քանի որ Թուրքիան ճանապարհ է ստանում դեպի Ադրբեջան, այնտեղից դեպի Ռուսաստան եւ ավելի ուշ դեպի այլ թյուրքալեզու երկրներ (Կենտրոնական եւ Միջին Ասիա):
«Սա խոսում է այն մասին, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կարող է թուրանական կամուրջ ստեղծել»,- պարզաբանեց Կանդահարյանը։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանին, ապա Թուրքիան այն փակել է, բայց դրա բացման դեպքում Հայաստանը նույնպես պետք է իր խոսքն ասի։
«Երեւանը պետք է նախապատրաստական աշխատանքներ իրականացնի առաջին հերթին օրենսդրական ոլորտում՝ հայ արտադրողի համար բարենպաստ պայմաններ ստեղծելով, գների վերահսկողություն մտցնելով, նոր հարկային քաղաքականություն մշակելով եւ կիրառելով։ Այս ամենն անհրաժեշտ է, որ սահմանի բացման դեպքում Հայաստանի տնտեսությունը չհայտնվի Թուրքիայի հարվածի տակ»,- խորհուրդ տվեց նա։
Արամ Դանիելյան




























