Հնդկաստանում ինքնավստահությունն ու պարծենկոտությունն «օձ բռնողին» այն աշխարհ են ուղարկել։ 50-ամյա ֆերմեր Դեվենդրա Միշրան Հնդկաստանի Ուտար Պրադեշ շրջանի Մարուաջհալա գյուղում bungarus candidus տեսակի օձ էր բռնել, որը սողում էր հարեւանի տան շուրջը, հայտնում է The Times of India-ն։
Bungarus candidus-ը խիստ թունավոր օձ է, որը բնակվում է հիմնականում Հնդկաստանն է: Այն մահացու թույն ունի, որն մկանային կաթված եւ շնչահեղձություն է առաջացնում։
Միշրան գյուղում հայտնի էր օձեր որսալով։ Bungarus candidus-ին բռնելուց հետո նա «սկսել էր ցուցամոլություն անել եւ շրջել գյուղում՝ օձը վզին փաթաթած»։ Նա լուսանկարվել էր մահացու սողունը վզին ու նույնիսկ փաթաթել էր այն 5-ամյա մի աղջկա վզին։
Օձը կծել էր ֆերմերին բռնելուց մեկ ժամ անց։ Միշրան փորձել էր թույնի ազդեցությունը մեղմել բնական խոտաբույսերով, սակայն նույն գիշերը մահացել էր։
The Times of India-ի փոխանցմամբ՝ գյուղում ֆերմերը մոտ 200 օձ էր բռնել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Bungarus candidus-ները, հնդկական կոբրայի, Ռասելի իժի եւ թեփուկավոր իժի հետ միասին, Հնդկաստանում օձերի խայթոցների մոտ 90 տոկոսի պատճառն են: Օձերը սովորաբար հարձակվում են միայն սադրանքի կամ սպառնալիքի դեպքում:
2022 թվականի հետազոտության համաձայն՝ bungarus candidus-ի խայթոցը բուժելու համար հակաթույնի շատ մեծ չափաբաժին է պահանջվում: Այնուամենայնիվ, պատշաճ բուժման դեպքում տուժածները կարող են ողջ մնալ։
Մահվան դեպքերի մեծ մասը տեղի է ունենում գյուղական վայրերում, որտեղ մարդիկ շտապ բժշկական օգնության հասանելիություն չունեն:
ԱՀԿ-ի տվյալներով՝ Հնդկաստանում տարեկան մոտ 5 միլիոն օձի խայթոց է տեղի ունենում, ինչը 81.000-ից մինչեւ 138.000 մարդու մահվան է հանգեցնում։





























