Պակիստանում հունիսի կեսերից մուսոնային անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղներն առնվազն 903 մարդու կյանք են խլել, 1293 մարդ վիրավորվել է։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է Պակիստանի աղետների կառավարման ազգային վարչությունը (NDMA):
Նրա խոսքով՝ անցած 24 ժամվա ընթացքում տարերքների հետեւանքով ավերվել է մոտ 82 հազար տուն, որոնցից ավելի քան 72 հազարը վերականգնման ենթակա չէ։ Ընդհանուր առմամբ, հեղեղումների հետեւանքով ավերվել է մոտ 500 հազար տուն, որից գրեթե 200 հազարն ամբողջությամբ ոչնչացվել է հեղեղումների հետեւանքով։ Ջրհեղեղից ամենաշատը տուժել են երկրի արեւելքում գտնվող Փենջաբ նահանգը եւ հարավային Սինդ նահանգը։
Ամսվա սկզբին հեղեղումների հետ կապված ծանր իրավիճակի պատճառով Պակիստանի կառավարությունը երկրում արտակարգ դրություն էր հայտարարել եւ դիմել էր ՄԱԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին շտապ հումանիտար օգնության համար։
Հունիսից ի վեր Պակիստանում շարունակվող մուսոնային անձրեւները զանգվածային ջրհեղեղների ու սողանքների են հանգեցրել ամբողջ երկրում։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում են Պակիստանի ռազմաօդային ուժերի եւ ռազմածովային զինծառայողներ, ներգրավված են բանակային ավիացիան եւ ռազմական ինժեներական տեխնիկա:





























