Այս օգոստոսին բրազիլական Ամազոնիայի արեւադարձային անտառներում ավելի շատ հրդեհներ են գրանցվել, քան գրեթե հինգ տարվա ընթացքում ցանկացած այլ ամիս՝ ապօրինի ծառահատումների կտրուկ աճի պատճառով, հաղորդում է AP-ն:

Բրազիլիայի ազգային տիեզերական ինստիտուտի տվյալներով՝ արբանյակային սենսորները գրանցել են 33 116 հրդեհ: Օգոստոսը եւ սեպտեմբերը սովորաբար ամենաանբարենպաստ ամիսներն են ինչպես անտառահատումների համար, այնպես էլ հրդեհների տեսակետից:

Ամազոնիայում հրկիզումները գրեթե միշտ միտումնավոր են արվում՝ հիմնականում անասունների արոտավայրերը բարելավելու կամ նոր կտրված ծառերը չորանալուց հետո այրելու նպատակով: Հաճախ հրդեհները դուրս են գալիս վերահսկողությունից եւ տարածվում անտառի անձեռնմխելի վայրերում:

Այս տարի Ամազոնիայում հատումների մոտ 20 տոկոսը վերջերս է արվել։ Դրանցից մի քանիսը գտնվում են պաշտպանված տարածքներում, որոնք հողի գրավման թիրախ են, ասվում է Բրազիլիայի ոչ առեւտրային Center of Life Institute ինստիտուտի վերլուծության մեջ, որը հիմնված է հրդեհների գլոբալ արտանետումների մասին ՆԱՍԱ-ի տվյալների բազայի վրա:

Հրդեհների լայն տարածումը նշանակում է, որ Բրազիլիան չի կարողանում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները, քանի որ երկրի ածխածնային աղտոտվածության գրեթե կեսը տեղի է ունենում հողի վերակազմավորումից: Ամազոնիայի արեւադարձային անտառները մոլորակի համար ածխածնի կարեւոր կլանող են, բայց փայտի այրման ժամանակ այդ ածխածինը մթնոլորտ է արտանետվում: