Apple ավտոմեքենաները, թերեւս, արդեն ավելի պոպուլյար են դարձել, քան Tesla-ն, չնայած այն բանին, որ iPhone-ի արտադրողն անգամ չի էլ հաստատել դրանց արտադրման մասին տեղեկությունը, գրել է Business Insider-ը։

Նոր մեքենաներ ունեցող 200 000 մարդկանց հարցումը, որն անցկացրել է Strategic Vision ընկերությունը, դիտարկվող բրենդների ցուցակում Apple-ին հատկացրել է երրորդ տեղը, ընդ որում՝ 26 տոկոսը հայտարարել է, որ սիրում է Apple բրենդը եւ կդիտարկեր ավտոմեքենա գնելու հարցը, եթե ընկերությունն  արտադրեր այն։

Ընկերությունը տեղ է զբաղեցրել Toyota-ից եւ Honda-ից հետո եւ առաջ է անցել Tesla-ից, Lexus-ից եւ BMW-ից հարցման ավելի քան 45 բրենդների ցուցակում։

Հարցման համաձայն՝ Tesla ունեցողների ավելի քան կեսը կդիտարկեր ապագայում Apple-ի ավտոմեքենա գնելու հնրավարությունը։

Apple-ը նաեւ «որակից ստացած տպավորության» ամենաբարձր գնահատականին է արժանացել՝ 24 տոկոս Toyota-ի 15 եւ Tesla-ի 11 տոկոսի համեմատ։ Բայց հարցվածների 34 տոկոսը հայտարարել է, որ ավտոմքենայի մասին բավականաչափ տեղեկացված չէ, որպեսզի դատի դրա մասին՝ հաշվի առնելով տեղեկատվության անբավարարությունը։

Apple-ը ոչ մի հայտարարություն չի արել  ավտոմեքենա արտադրելու վերաբերյալ, բայց արդեն վաղուց ակնարկել է  դրա ստեղծման մասին՝ «Տիտան նախագիծ» կոդային անվանմամբ։

Այս գաղափարն առաջին անգամ 2017թ. հնչեցրել է գլխավոր տնօրեն Թիմ Քուկը Bloomberg-ի հարցազրույցում, ինչից հետո The New York Times թերթը տեղեկացրել էր, որ ընկերությունը հետաձգում է իր պլանները, որպեսզի կենտրոնանա այլ ավտոարտադրողների համար մեքենա վարելու տեխնոլոգիայի վրա։

Անցած տարի Քուկը The Times-ի հարցազրույցում  նորից խոսել է ինքնավար մեքենա ստեղծելու Apple-ի հետաքրքրվածության մասին՝ միաժամանակ հայտարարելով, որ հիացած է Tesla-ով։

«Ինքնավար մեքենան ռոբոտ է, ունի կան շատ բաներ, որոնք կարելի է անել ինքնավարության օգնությամբ։  Տեսնենք, թե ինչ կանի Apple-ը»,- ասել է Քուկը Sway-ի հարցազրույցում։

«Մենք սիրում ենք ինտեգրել ապարատային ապահովումը, ծրագրային ապահովումը եւ ծառայություններն ու գտնել դրանց հատման կետը, որովհետեւ մենք կարծում ենք, որ հենց այնտեղ է տեղի ունենում կախարդանքը»,- նշել է նա։

Քուկը, սակայն, խոստովանել է, որ ընկերության շատ գաղափարներ «երբեք լույս աշխարհ չեն գա»։