Ընդամենը մի քանի ամիս առաջ սա աներեւակայելի սցենար կարող էր թվալ։ Ռուսաստանը դադարեցրել է «Հյուսիսային հոսք» խողովակաշարով բնական գազի հոսքը դեպի Եվրոպա՝ մայրցամաքը ներքաշելով անորոշության նոր դարաշրջանի մեջ, որն անդրադարձել է շուկաների վրա, գրում է Axios-ը:

Գազի մատակարարման դադարեցումը Եվրոպայում տնտեսական աճի անկում է գուշակում, քանի որ ռուսական գազից կախված մի շարք ոլորտներ ստիպված են կրճատել արտադրությունը։

Գերմանական քիմիական BASF հսկան վերջերս զգուշացրել է էներգակիրների գների աճի հետ կապված աճող կրճատումների մասին:

Ֆրանսիայի խոշորագույն ալյումինի ձուլարանը երեքշաբթի հայտարարել է, որ կնվազեցնի արտադրությունը մոտ 20 տոկոսով:

Հետեւանքն այն է, որ եվրոն դոլարի նկատմամբ ընկել է մինչեւ 20 տարվա նոր նվազագույնը:

Բրիտանական ֆունտը ԱՄՆ դոլարի նկատմամբ ընկել է ամենացածր մակարդակին՝ 1985 թվականից ի վեր։

Տասնամյակներ շարունակ Եվրոպան, հատկապես Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը՝ Գերմանիան, ջերմության եւ էլեկտրաէներգիայի համար հույսը դրել է ռուսական բնական գազի վրա:

Այժմ Եվրոպան ստիպված է ընթացքի մեջ վերակառուցել իր էներգետիկ համակարգը՝ օգտագործելով գների սահմանաչափերի, ռացիոնալացման եւ փրկության չփորձարկված եւ թանկ համադրությունը՝ հաջորդ մի քանի ամիսները հաղթահարելու համար:

Վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանը ցանկանում է այս ձմռանը տնտեսական եւ ֆինանսական տառապանքներ պատճառել՝ եվրոպական համերաշխությունն ու աջակցությունն Ուկրաինային խափանելու համար։

Վերջին օրերին ամբողջ մայրցամաքի երկրները ձգտել են ամրապնդել իրենց էներգետիկ համակարգերը՝ սպառողների եւ ընկերությունների համար ծախսերի աճի պայմաններում:

Երեքշաբթի օրը Շվեյցարիան մոտ 4 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել իր տեղական Axpo Holding ընկերությանը՝ կոմունալ ծառայություններին աջակցելու հարցում միանալով Գերմանիային, Ֆինլանդիային, Շվեդիային եւ Ավստրիային:

Գերմանիան հանգստյան օրերին ներկայացրել է սպառողների աջակցության նոր փաթեթ՝ մոտ 65 միլիարդ դոլար արժողությամբ:

Ֆրանսիայում կառավարությունը կոչ է անում կտրուկ կրճատել էներգիայի սպառումը, ընդ որում՝ մշակվում են նորմավորման պլաններ, եթե կամավոր կրճատումները բավարար չլինեն:

Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասը կներկայացնի տնային տնտեսություններին գազի գների բարձրացումից պաշտպանելու ծրագիր, որը, հավանաբար, մոտ 100 միլիարդ ֆունտ կարժենա: