Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի փոքրիկ երգիչների ելույթից մի հատված տեղադրվեց համացանցում` հիացնելով ու գերելով հազարավոր մարդկանց: Նրանց ձայնն ու երգը հասավ անգամ աշխարհահռչակ «Queen» խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյին, որը խոստացավ գալ ու հանդիպել փոքրիկներին: Եվ ահա նրանք կանգնած են մեկ բեմի վրա` սեպտեմբերի 7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում STARMUS փառատոնի շրջանակում կայացած «Another World» («Ուրիշ աշխարհ») խորագրով համերգի ժամանակ:
Տավուշցի փոքրիկներին ելույթից առաջ ներկայացրեց ինքը` Մեյը, ինչից հետո խմբավար Մարիա Գալստյանի վստահ ուղղորդմամբ երգչախումբը կատարեց «Queen»-ի երգացանկից մի քանի հայտնի ստեղծագործություններ` The Show Must Go On, We Will Rock You, Bohemian Rhapsody, Another One Bites The Dust` շարքը եզրափակելով «We are the champions» երգով: Ելույթից հիացած հանդիսատեսը երկար ու հոտնկայս ծափերով ճանապարհեց փոքրիկներին:
Տավուշի տաղանդների երևանյան ելույթը հնարավոր էր դարձել «Ամերիաբանկի» հովանավորությամբ:
Երեկոյի ընթացքում հանդիսատեսը վայելեց նաև «Նեմրա» հայկական ռոք խմբի և Գոռ Սուջյանի, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի կատարումները, հիացավ Դերեկ Շերինյանի, անգլիացի երաժիշտ Գրեհեմ Գոուլդմանի ելույթներով:






























