Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կոչ է արել ավելի սերտ համագործակցել Իրանի հետ Աֆղանստանի հետ կապված հարցերի շուրջ, հաղորդում է Tasnim-ը:
Ուրբաթ Սամարղանդում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ Մոդին ասել է, որ իր երկիրը եւ Իրանը կիսում են տեսակետներն Աֆղանստանում իրավիճկի վերաբերյալ: Նա նաեւ կոչ է արել շարունակել տարածաշրջանային եւ միջազգային համագործակցությունը Նյու Դելիի եւ Թեհրանի միջեւ Աֆղանստանի հարցում:
Մոդին նաեւ հայտնել է Հնդկաստանի անհամաձայնությունն այլ երկրների դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառման հարցում։
Նա նաեւ ընդգծել է Իրանի հարավարեւելյան Չաբահար նավահանգստի կարեւոր դերը տարածաշրջանային փոխադրումների մեջ՝ նշելով, որ նավահանգստի զարգացումը կնպաստի տարածաշրջանի պետությունների տնտեսական առաջընթացին։
Իր հերթին Ռաիսին ասել է, որ Իրանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից է Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը։
Բարձր գնահատելով Իրանի եւ Հնդկաստանի բարեկամական կապերը՝ Ռաիսին ասել է, որ երկու երկրները կարող են զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, օգտագործել նավթի եւ գազի ոլորտում առկա կարողությունները եւ աշխատել տրանսպորտի ոլորտում, հատկապես՝ Չաբահար-Կենտրոնական Ասիա տարանցիկ ճանապարհով։
Մատնանշելով գիտության եւ արդյունաբերության ոլորտում Իրանի հաջողությունները՝ Ռաիսին ասել է, որ կոշտ պատժամիջոցները չեն կարողացել խանգարել իրանական ազգի առաջընթացին:
Հունիսին իր հնդիկ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է ճանապարհային քարտեզի մշակման անհրաժեշտությունը` Թեհրանի եւ Դելիի միջեւ համապարփակ եւ ընդարձակ ռազմավարական կապերը խթանելու:
Նա նշել է, որ ռազմավարական համագործակցության ճանապարհային քարտեզի նախապատրաստումը կարող է կարգավորել երկկողմ երկարաժամկետ կապերը եւ պաշտպանել հարաբերությունները վնասակար գործոններից։




























