Օգտագործելով դատաբժշկական փորձաքննության մեթոդները՝ գիտնականների եւ հնագետների բազմապրոֆիլ թիմը հայտնաբերել է հին աշխարհում ափիոնի օգտագործման ամենավաղ ապացույցները: Վերլուծելով մ.թ.ա. 14-րդ դարի անոթների մնացորդները, որոնք պեղվել են Իսրայելի կենտրոնական Թել Յեհուդում գտնվող գերեզմանափոսից, թիմը բացահայտել է, թե որն է աշխարհում հոգեակտիվ թմրամիջոցների օգտագործման, հավանաբար, առաջին ֆիզիկական ապացույցը:

«Սա ուշ բրոնզի դարաշրջանում Լեւանտեում ափիոնի օգտագործման առաջին էմպիրիկ ֆիզիկական ապացույցն է»,- The Times of Israel-ին ասել է առաջատար հետազոտող, դոկտոր Վանեսա Լինարեսը: «Սա Լեւանտում, եւ ես կասեի նույնիսկ Հին աշխարհում ափիոնի, անկասկած, առաջին նույնականացված օգտագործումն է»:

Ափիոնի տարածման ժամանակագրության հետ կապված հետազոտությունների վերջին տասնամյակի ընթացքում հնաբուսաբանական հետազոտությունները նեոլիթյան շրջանի հնագիտական վայրերում հայտնաբերել են կակաչը՝ բույս, որից ստանում են ափիոնը: Բացի այդ, կան հին տեքստեր, որոնք խոսում են ափիոնի օգտագործման մասին, ինչպես նաեւ լայնածավալ կրոնական պատկերագրություն: Սակայն մինչ այժմ հնագետները չեն գտել դա հաստատող նյութական ապացույցներ:

Ափիոնի մնացորդներ են հայտնաբերվել Կիպրոսից ներկրված բարձրորակ կերամիկական սափորներում, ինչպես նաեւ 2012-2017 թվականներին պեղումների ժամանակ Թել Յեհուդում հայտնաբերված թաղման համալիրում: