ԱՄՆ-ն աշխատում է դաշնակիցների եւ գործընկերների հետ, որպեսզի արագորեն լուրջ տնտեսական պատժամիջոցներ սահմանի Մոսկվայի դեմ՝ կապված «Ուկրաինայի օկուպացված շրջաններում Ռուսաստանի անցկացրած կեղծ հանրաքվեների հետ», ասվում է ԱՄՆ Պետդեպի Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավարի այսօրվա ելույթում, հաղորդում է Reuters-ը։

Հանդես գալով Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում՝ Ջեյմս Օ'Բրայենն ասել է, թե ակնկալում է, որ «Բայդենի վարչակազմի տեմպերը, որը միջինը վեց շաբաթը մեկ հայտարարում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին, կպահպանվեն, քանի որ Վաշինգտոնը շարունակում է ուշադրությունը կենտրոնացնել ռուսական տնտեսության խոչընդոտների եւ ռազմական մատակարարումների շղթաների վրա»։