Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսները այսօր՝ հոկտեմբերի 12-ին, վերսկսել են քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականի պահանջով գործադուլը։

Սեպտեմբերի 8–ից բողոքի ակցիաներ անող քոլեջի դասախոսական անձնակազմը բարձրաձայնում է քոլեջի տնօրենի անօրինականությունների մասին եւ պահանջում նրա հրաժարականը։

Դասախոսները հոկտեմբերի 4–ին կրկին բողոքի ակցիա էին արել ԿԳՄՍ նախարարության դիմաց, ապա հանդիպել նախարարության ներկայացուցիչների հետ եւ նրանց ու քոլեջի ուսմասվարի հորդորները լսելով՝ որոշել էին վերադառնալ աշխատանքի, բայց այսօրվանից կրկին սկսել են գործադուլը։

«Մենք մանկավարժներ ենք, այս հարցը մեզ համար շատ կարեւոր է, ուսանողների կրթության մասին էլ ենք մտածում։ Երբ սկսեցինք դասերը, դասաբաշխում արվեց, ուղարկվեց տնօրենին, բայց նա ամեն անգամ ինչ–որ պատճառաբանություններով գրում էր, թե դրանք թերի են կազմված։ Բացի այդ, մեր ներկայացված փաստերին ի պատասխան, Կրթության տեսչական մարմնից ասացին, թե ոչ մի խախտում չեն հայտնաբերել Անգին Արշակյանի գործունեության մեջ։ Խոսքը ֆինանսական կրճատումների մասին էր։ Մեր ըմբոստանալու պատճառն այն է, որ նախարարությունից մեզ հորդորում են շարունակել դասապրոցեսները, իսկ իրենք այդ ժամանակահատվածում շտկում են խնդիրները, ու մենք հայտնվում ենք կոտրած տաշտակի առաջ։ Մենք սպասում էինք, որ Անգին Արշակյանին աշխատանքից ազատելու հարցը պետք է լուծվեր, բայց մինչեւ այս պահը հարցը լուծված չէ։ Մենք ինչո՞ւ պետք է մտնենք լսարան, եթե Անգին Արշակյանը միտումնավոր չի հաստատում դասաբաշխումը։ Ստացվում է, որ մենք օդի մեջ դաս ենք անում։ Մենք նախարարությանը տեղեկացրել ենք, որ չենք վերսկսելու դասերը, մինչեւ Անգին Արշակյանը աշխատանքից չազատվի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց դասախոսներից Մարինե Ալոյանը։

Հանցագործություն է նման ղեկավարին իր պաշտոնում թողնելը․ Արմավիրի տարածաշրջանային քոլեջի մանկավարժներ