Վրացական «Փոթի» նավահանգստի նիդեռլանդական օպերատորն առայժմ չի կարող համաձայնեցնել լաստանավով փոխադրումները հայկական ապրանքների համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
Հայաստանի իշխանությունները նախատեսում էին մշտական լաստանավային հաղորդակցություն սկսել վրացական սեւծովյան «Փոթի» նավահանգստի եւ ռուսական «Կովկաս» նավահանգստի (Կրասնոդարի երկրամաս) միջեւ դեռեւս ամռանը։ Երթուղին պետք է դառնար ռուս-վրացական սահմանին «Վերին Լարս» անցակետի այլընտրանքը։
«Այս նախագիծը շատ կարեւոր է մեզ համար, ինչպես Հայաստանից Ռուսաստան, այնպես էլ հակառակ ուղղությամբ ապրանքների փոխադրման առումով։ Բայց քանի որ Վրաստանում «Փոթի» նավահանգստի կառավարումն իրականացնում է հոլանդական ընկերությունը, նրանք հիմա ինչ-որ խոչընդոտներ են ստեղծում»,- ասել է Խոջոյանը։
Նա ավելացրել է, որ երթուղին պետք է աշխատեր «վաղուց», բայց «խնդիրն այժմ կապված է «Փոթի» նավահանգստի մենեջմենթի հետ»։ Այնուամենայնիվ, կողմերը փորձում են լուծել վիճելի հարցերը, բանակցությունները շարունակվում են, ասել է նախարարության ներկայացուցիչը։





























