Սթորմ անունով ծառայողական շունը երկու սխրանքի համար մեդալի է արժանացել, հայտնում է The Mirror-ը։

Սթորմի տերը՝ 64-ամյա Քարեն Քրոսբին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլից, պատմել է, որ 2019 թվականին շունն իրեն փրկել է տուն ներթափանցած ավազակներից։ Ալյասկայի մալամուտ ցեղատեսակի շունը լսել է, որ տանը անծանոթ մարդիկ կան եւ քշել է նրանց՝ ստիպելով թողնել գողացած իրերը։

Ավելի ուշ՝ այս տարվա մայիսին, Սթորմը այրվող տնից հանել է Քրոսբիի երկու կատուներին։ Երբ շենքը լցվել է ծխով, շունը նրանց դուրս է հրել պատուհանից, եւ ինքն էլ մտել մեկ այլ սենյակ՝ սպասելով փրկության: «Ոստիկաններն այնքան տպավորված էին, որ նրան անձամբ տարան անասնաբույժի մոտ՝ ստուգելու, թե արդյոք ծուխ չի շնչել եւ վիրավորվել։ Ոստիկանը ոչ մի քայլ չհեռացավ նրանից եւ ասաց, որ նա վարժեցրած ոստիկանական շնից վատը չէ»,- ասում է Քրոսբին։

Կենդանիների պաշտպանության բարեգործական Blue Cross կազմակերպությունը արիության եւ հերոսության համար Սթորմին պարգեւատրել է մեդալով: Ամենամյա անվանակարգում շունը զբաղեցրել է առաջին տեղը՝ շրջանցելով 650 այլ ընտանի կենդանիների։ «Շատ դժվար ընտրություն էր, բայց Սթորմը գրավեց առաջին տեղը: Նա զարմանալի ընտանի կենդանի է, որն ընտանիքի արժեքավոր անդամ է»,- ասում է կազմակերպության գործադիր տնօրեն Քրիս Բերջեսը:

Սթորմը երկար ժամանակ օգնում է իր տիրոջը հաղթահարել առօրյա գործերը։ Քրոսբին ունի օստեոխոնդրոզ, ձախ ոտքի թույլ զգացողություն, տեսողության խնդիրներ, աղմուկ ականջներում եւ ասթմա։ Շունը հայտնում է կնոջը, եթե նրան զանգում են, եւ օգնում է նրան անցնել փողոցը: Նա նաեւ կարողանում է զգալ ասթմայի մոտալուտ նոպան։ «Սթորմն իմ հերոսն է այն ամենում, ինչ արել եւ շարունակում է անել»,- ասում է տիրուհին։