Սեւ գիշանգղները, լուսանները եւ վայրի ձիերն այն կենդանիների թվում են, որոնք նորից բերվել են արեւելյան Իսպանիա՝ վայրի բնության վերականգնման նախագծի շրջանակում, որն ընդգրկելու է 850 000 հեկտար (2,1 մլն ակր) Պիրենեյներում (Մադրիդից արեւելք), գրել է The Guardian-ը։

Լանդշաֆտի վերականգնման Rewilding Europe 20-ամյա ծրագիրն ուղղված է այն նպատակին, որպեսզի հողն ավելի վայրի եւ ավելի հարազատ դարձվի բնության համար։ Պահպանվող տարածքը Պիրենեյան շղթայի հարավային մասում է, որը ձգվում է մինչեւ Միջերկրական ծովի հարավ-արեւելք։

Սա կանյոնների եւ հովիտների լանդշաֆտ է, որտեղ գերակշռում են սոճազգիների, կեչիների անտառները, ինչպես նաեւ տափաստանային եւ գյուղատնտեսական հողատարածքները։ Հողն այստեղ լքված վիճակում է, քանի որ մարդիկ տեղափոխվել են մեծ քաղաքներ։

Եղջերուները, քարայծները եւ վայրի խոզերն արդեն սկսել են ինքնուրույն վերադառնալ։

Rewilding Europe նախագիծը Իբերիական բարձրավանդակում, որը գտնվում է Մադրիդից մոտ 2 եւ Վալենսիայից 2,5 ժամ հեռավորության վրա, տասներորդն է Rewilding Europe-ում եւ առաջինն Իսպանիայում։

Ֆրիաս դե Ալբարասինի մոտ արդեն բաց է թողնվել «տաուրոյի»՝ խոշոր եղջերավորների նախիր, դրանք կատարելու են զուբրի դեր։ Մեկ այլ տեղում, Մազարեթից ոչ հեռու, այս ամռանը բաց է թողնվել 11 կիսավայրի ձի, առաջին մտրուկը ծնվել է հուլիսին, իսկ այս տարի նախատեսված են եւս մի քանիսը։

Ամեն տարի բաց կթողնվի 15 սեւ գիշանգղ, առաջին խմբաքանակը բաց է թողնվել Ալտո Ռախոյում սեպտեմբերին։ Սեւ գիշանգղները, որոնք հայտնի են նաեւ որպես վանական-գիշանգղներ, աշխարհում ամենախոշոր գիշատիչ թռչուններից են, նրանց թեւերի բացվածքը հավասար է ավելի քան 3 մետրի։ Բոլոր թռչունները նշվել են GPS սարքերով, որպեսզի գիտնականները կարողանան հետեւել նրանց։

Մորուքավոր գիշանգղները նույնպես արդեն սկսել են «բնակվել» այստեղ։ Նրանցից բացի՝ կան նաեւ բազեներ, սպիտակագլուխ գորշանգղներ եւ բվեր։

Պիրենեյան լուսանը բաց կթողնվի մեկ-երկու տարի հետո։ Առաջին խմբաքանակը բաղկացած կլինի երեք-չորս առանձնյակից։ 20 տարի առաջ նրանք անհետացող կատվազգի էին համարվում աշխարհում, դրանցից ընդամենը 100 հատ էր մնացել, բայց այժմ Իսպանիայում եւ Պորտուգալիայում դրանց թիվը նախագծի շնորհիվ հասնում է 1 000-ի։ Գայլերի վերարտադրման ծրագրեր չկան, որովհետեւ տեղում մնացած բնակիչները վախենում են, որ նրանք կվնասեն իրենց նախրին։